Δευτέρα 10 Σεπτεμβρίου 2012

ՇԷՆՔԸ





Հսկայ մի շէնք ինձ նայում՝
Լայն փեղկերով աստղանկար,
Հերոսութիւն է վկայում
Ամէն փոքրիկ քանդակ ու քար:

Մօտենում է մի պատանի՝
Արեւահամ միրգը ձեռքին.
- Ամենալաւն,- ասում է նա,-
Խաղողներն են խոյակների:

Մօտենում է յաղթահասակ
Երիտասարդ մի հայկատիպ.
- Սիւներն են լաւ,- ասում է նա,-
Ու պազալթի պատերը պինդ:

Մօտենում է լուռ, մտախոհ
Մի ծերունի արծաթազարդ,
Հայեացքը հեզ, հանդարտ ու խոր
Իջեցնում է նա դէպի վար
Ու նայում է, նայում է լուռ
Այդ կառոյցի հիմքին ամուր...



Մարօ Մարգարեան

ԱՐԱԳԱԾԻՆ





Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղէն թրերի,
Գագաթներըդ՝ բիւրեղ վրան
Թափառական ամպերի:

Սէգ ժայռերըդ՝ արծըւի բոյն,
Լճակներըդ՝ լոյս-փերուզ.
Առուներըդ՝ մէջքիդ փայլուն
Պերճ գօտիներ ոսկեհիւս:

Աղբիւրներըդ՝ գիշեր ու զօր
Խօսքի բռնուած իրար հետ,
Վտակներըդ՝ զիլ ու գլոր
Ապրեշումէ փէշերէդ:

Թիթեռներըդ՝ հուր-հրեղէն
Թռչող-ճախրող ծաղիկներ.
Զառ ու զարմանք երազներէն
Պոկուած ծուէն-ծուիկներ:

Ծիրանավառ դո՛ւն թագուհի,
Բուրումների դո՛ւն աղբիւր,
Ծաղիկներըդ՝ հազար գոյնի,
Հազար անո՛ւն, հազար բո՛յր:



Աւետիք Իսահակեան

Πέμπτη 30 Αυγούστου 2012

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ




Ես ընկել եմ պագշոտ Շամիրամի նետից,
Հին Հռոմն է զարկել ինձ մահացու խոցով,
Իմ արիւնն են ոթել, խառնել Տղմուտ գետին,
Իմ լեզուն են այրել ատրուշանի բոցով:

Խաչ են դաջել կրծքիս բիւզանդական տէգով,
Արաբ նժոյգների սմբակի տակ գցել.
Ինձ խարոյկ են հանել Մոնկոլների ձեռքով,
Սիրտըս օսմանական սըւիններին ցցել:

Ինձ հայրենի մեր տան թխկենուց են կախել,
Եւ հոգիս են բանտել շղթաներով երկաթ,
Ինձ զարկել են, խարկել ու կենդանի թաղել...
Բայց ես դեռ կա՛մ:


Հրաչեայ  Յովհաննիսեան

Τετάρτη 29 Αυγούστου 2012

ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ

        




          Ես այսօր
Ճառագա՜յթ մ' եմ բոսոր...

Աչքերուս, հեշտօրօր,
Այնքա՛ն լոյս ունիմ որ
          Կը ժպտիմ
          Մըտերիմ
          Արեւին...
Ու վարդե՜ր կ'երեւին
          Արեւին
          Ոսկեղէն
          Հոգիէն...

Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ' եմ բոսոր...


Մատթէոս Զարիֆեան

ԱՆՏԱՌՈՒՄ





Անտառում ամպի ծուէններ կային,
Կապոյտ մշուշներ կային անտառում:
Օրօր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:

Շշուկներ կային անտառում այնքա՜ն,
Եւ խոնա՜ւ-խոնա՜ւ բուրմունքներ կային...
Իրար փաթաթուած ստուեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային:

Եղեամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին:
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանըշանին:

Եղնիկի հորթը մամուռը դնչին՝
Թռչում էր իր մօր բառաչի վրայ,
Եւ որսկանը՝ թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա:

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եւ տաք սղոցն իր իւղում էր կրկին,
Տեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալուած կաղնու խուլ հառաչանքին:

Անտառապահի տնակի առաջ
Խարոյկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եւ խարոյկի մօտ եղեւնին կանաչ
Սոճու հետ սիրով զրոյց էր անում...

Անտառում խորին խորհուրդներ կային,
Եւ արձագանգներ կային անտառում,
Օրօր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում:


Համօ Սահեան
1963

ՏԱՐԻՆԵՐ ՅԵՏՈՅ








Տարիներ յետոյ քեզ տեսայ նորից,
Սիրտս արտասուեց բայց ժպտացի ես,
Նոյն աղջիկն էիր՝ չքնաղ բոլորից,
Հոգուս մտերիմ, հարազատ այնպէս:

Աչքերդ մեղմիկ հանգչեցին վրաս,
Ես հպարտ ու վեհ անցայ քո մօտով,
Շուրջս ծածանուեց լուսեղէն երազ,
Եւ ետ նայեցի անզուսպ կարօտով:

Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբէք չի զատել մեզ կեանքը դաժան,
Քոյր իմ, ամոքիր սիրտն իմ վշտաբեկ,
Տես, քոնն եմ, ես միշտ, քոնն եմ յաւիտեան:


Խօսք՝ Աւետիք Իսահակեանի,
 Երաժշտութիւն՝ Վլադիլէն Բալեանի
Կատարում՝ Համլետ Գէորգեանի
 

ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐ






Այգեստաննե՜ր մթին, սաղարթախիտ ու վեհ,
Այգեստաննե՜ր, որոնք կարկամել են, տարուել
Բլուրների վրայ ու բլուրներն ի վեր...
Այգեստաննե՜ր:

Այգեստաննե՜ր յուռթի, ու կատաղի, հզօր,
Բազուկներով կանաչ ու մրգերով դեղին,
Այգեստաննե՜ր, որոնք վարարել են այսօր,
Սպասում են սիրով իրենց հաւաքողին:

Խնկանման խաղող, ու բա՛լ, ու տա՛նձ, ու դե՛ղձ,
Իմաստութիւն աշնան՝ մրգերի պէս հասուն,
Իմ մրգաստա՛ն երկիր, մրգանմա՛ն իմ երգ,
Երգի՛ նման անմահ, երգի նման ասուն...

Առէ՜ք, առէ՜ք երգըս ոսկեբառ ու հզօր,
Այգեստաննե՜ր բերրի, ու ձեր գիրկը տարէ՛ք...
Այգեստաննե՜ր, դո՛ւք, որ վարարել էք այսօր,
Այգեստաննե՜ր...


Գուրգէն Մահարի