Κυριακή 24 Ιουλίου 2011

ԿԸ ՆԱԽԱՆՁԻՄ ԵՐՋԱՆԻԿ




Կը նախանձիմ երջանիկ
Զգեստներուդ, որ մօտէն
Իրենց ծալքին մէջ փափկիկ
Քու մարմինդ կը գրկեն:

Կը նախանձիմ քու ոտքիդ
Մանրիկ քնքուշ մուճակին
Ու մանեակիդ մարգրիտ,
Որ կը պարուրէ վիզդ անգին:

Կը նախանձիմ սիւքերուն,
Որ մազերդ կը շոյեն,
Անբիծ աստղին իսկ սիրուն,
Որ կը ժպտի քեզ վերէն:

Կ'ատեմ երկինքն, ուր աչքերդ
Յափշտակուած կը թաղուին,
Ու մատեանը հրաշակերտ
Ուր կը սուզուիս հոգեւին:

Խոհերն որ քեզ կը պատեն
Ու երազներն անուշակ,
Որ միտքդ ինձմէ կ'անջատեն,
Կ'ատեմ հեռով մը վայրագ:

Հաւատա՛, Աստուած իսկ կ'ատեմ,
Խորհելով որ անոր, մերթ,
Աղօթքիդ մէջ երկնաճեմ,
Կ'ուղղես կու սիրտդ ու աչքերդ:


Արշակ Չօպանեան

ԱԽԹԱՄԱՐ


Ծիծաղախիտ Վանայ ծովի
Փոքրիկ գիւղից առափնեայ,
Ծովն է մտնում գաղտագողի
Ամէն գիշեր մի տղայ:

Ծովն է մտնում առանց նաւակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դէպի կըղզին դիմացի:

Խաւար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լոյս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամբան:

Սիրուն Թամարն ամէն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եւ ըսպասում է անհամբեր
Այնտեղ՝ մօտիկ դարանում:

*****

Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռում է կատաղի:

Եւ Թամարը սըրտատըրոփ
Արդէն լըսում է մօտիկ
Ջըրի ճողփիւն, ու ողջ մարմնով
Սիրուց այրւում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խաւար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստուեր...
Ահա եւ նա... իրար գըտան...
Կասկածաւո՜ր լուռ գիշեր...

Միայն ալիքը Վանայ ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են...
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամօթ Թամարից...

Բամբասում են կոյսի սըրտում...
Ժամ է արդէն... ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Միւսն աղօթում եզերքին...

*****

«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հէնց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով:

Ծովն անցնում է միւս ափերից
Մեր Թամարին համբուրում...
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց...
Ինչի՞ տեղ է մեզ դընում...»:

Էսպէս ասին վիրաւորուած
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լոյսը հանգցրին մի գիշեր:

Մոլորուեցաւ խաւար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...»:

Մօտ է ձայնը. Խօլ խաւարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսւում ուժասպառ, «Ա՜խ, Թամա՜ր...»:

*****

Առաւօտեան ծովը ծըփաց,
Ափը ձգըեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ. «Ա՜խ, Թամա՜ր...»:

Այն օրուանից սըրա համար
Կըղզին կոչուեց Ախթամար:


Յովհաննէս Թումանեան

Πέμπτη 21 Ιουλίου 2011

ԱՐԵՒՈՏ ԱՆՁՐԵՒ




Արեւոտ անձրեւը մեղմ երգում է քեզ համար,
Ու ժպտում կապոյտ հեռուից ցօղոտ մի ծիածան:
Գարնան թովիչ բոյրերն են տաք ալիքւում,
Քեզ փարւում շնչով անուշ օրուայ:
Գարնան թովիչ բոյրերն են քեզ համբուրում
Քո հոգում բացում մի վառ, մի անծիր սիրոյ աշխարհ:

Այս օրուայ շողերը քեզ, ցօղերը քեզ, հոգիս:
Այս գարնան ժպիտը քեզ, համբոյրը քեզ, անգինս:
Եւ իմ սրտի դողերը քեզ, սիրելիս:
Քեզ իմ երգը, մեր սիրուց ծնուած:
Եւ թող մեր մէջ մաղի անձրեւ մի վարար,
Միշտ սիրոյ լոյսով ցոլայ ու կապի լուսէ կամար:


Խօսք՝ Լեւոն Բլբուլեանի
Երաժշտութիւն՝ Ռոպէրթ Ամիրխանեանի
Կատարում՝ Ռոպէրթ Ամիխանեանի

ՍԻՐԵՐԳ



Ճառագայթի պէս ոսկեվարս ու նրբին,
Երբ որ ճամբէն կ'անցնի հըպարտ, լուսարագ,
Բան մը սրտէս կ'ըլլայ բոցին պատարագ
Իր աչքերուն՝ ուր կը մոռնամ ես արփին:

Երազային, ծաղիկի պէս նրբաւոր,
Երբ կը ժպտի պատուհանին ետեւէն,
Թռիչներ հոգւոյս մէջ լուսաբաղձ՝ կը թեւեն
Խօլ անուրջով կապոյտներու հեռաւոր:

Ու երբ կ'երգէ ջութակին հետ սարսըռուն
Մեղմածաւալ հեշտերգն իրեն ցայգային,
Կարծես աչքերն իր լուսափաղփ կը նային
Տենդոտ պահին՝ մէջն իմ հոգւոյս ալքերուն:


Միսաք Մեծարենց

ԱՆՕՐ





Սիրտս կը թըռի, ջաղջի քարին պէս.
Մարմինս կը փղրի, ջաղջի ալրին պէս.
Ե՞րր պիտի լուսնայ գիշերն դարի պէս,
Տեսնէի տղան խաչին լուսնին պէս։

Տեսնեմ, կ'ըսէի, ձեռքիս վարդը տամ,
Վարդը որ չ'առնէ, ոսկի խնձոր տամ,
Խնձորն երբ չ'առնէ, մազս քաշեմ տամ,
Ան ալ որ չ'առնէ՝ հոգիս քաշեմ տամ։


Խօսք՝ Թլկատինցիի (Յովհաննէս Յարութիւնեան)
Երաժշտութիւն՝ Համբարձում Պէրպէրեանի
Կատարում՝ Լուսինէ Գասպարեանի

Τρίτη 19 Ιουλίου 2011

ՄԻ՛ ԼԱՑԱՑՆԻ




Մի՛ լացացնի, շա՛տ եմ լացել, սիրելիս,
Դու մի կարծիր պաղ եմ այսպէս ու գոռոզ,
Սիրտս շա՛տ է լցուած եղել վէրքերով,
Սպիների՛ց է կարծրացել, սիրելիս:

Յոգնե՜լ եմ ես ցաւոտ, դաւոտ սէրերից,
Ամէնքի դէմ սիրտս՝ բացած, աչքս՝ փակ.
Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ,
Իսկ ես, աւաղ, սի՜րտ եմ կարծել, սիրելիս:

Յոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ,
Մանկան նման՝ ծնկիդ գլուխս դրած.
Ինձ խնայիր ու գուրգուրա՜յ ինձ վրայ,
Ժա՛մս է արդէն իրիկնացել, սիրելիս...


Խօսք՝ Սիլվա Կապուտիկեան
Երաժշտութիւն՝ Վաչէ Յովսէփեան
Կատարում՝ Սեւակ Ամրոյեան

ԻՐԻԿՆԱԺԱՄԻ ԵՐԳԵՐԻՑ



Մի՛ լացացնի, շա՛տ եմ լացել, սիրելիս,
Դու մի կարծիր պաղ եմ այսպէս ու գոռոզ,
Սիրտս շա՛տ է լցուած եղել վէրքերով,
Սպիների՛ց է կարծրացել, սիրելիս:

Յոգնե՜լ եմ ես ցաւոտ, դաւոտ սէրերից,
Ամէնքի դէմ սիրտս՝ բացած, աչքս՝ փակ.
Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ,
Իսկ ես, աւաղ, սի՜րտ եմ կարծել, սիրելիս:

Յոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ,
Մանկան նման՝ ծնկիդ գլուխս դրած.
Ինձ խնայիր ու գուրգուրա՜յ ինձ վրայ,
Ժա՛մս է արդէն իրիկնացել, սիրելիս...


Սիլվա Կապուտիկեան
1958