Πέμπτη 27 Σεπτεμβρίου 2012

ՉԸՍԻՐՈՒԵԼՈՎ...




Չսիրուելով սիրելէ
Յոգնած, յոգնած եմ հիմա.
Գիտեմ թէ ձեր գործը չէ,
Բայց պէտք է Իրը ըլլայ:

Կը գանգատիմ Աստուծոյ
Ծարաւ, չորցած բերանով՝
Որ այս սրտին հնածոյ
Չցուցուց պուտ մը գորով:

Անով իմ կեանքըս ծաղկեր
Պիտի աղուոր ծառ մ' իբրեւ
Ու պիտի տար վառ միրգեր...

Մինչ անպըտուղ, անտերեւ՝
Կը նմանիմ ես այսօր
Ցանկապատին փայտին չոր...



Վահան Թէքէեան

Κυριακή 23 Σεπτεμβρίου 2012

ՆՈՃԻՆ





Կապոյտն ի վեր խորասոյզ
Սա մեծ նոճին կը նիրհէ.
Զինք խըռովող ո՛չ մէկ յոյզ
Կ'ընդունի ան աշխարհէ:

Ու մենաւոր ու խոհուն՝
Կը զգայ զեփիւռն հազիւ թէ.
Գիշերներուն մէջ անհուն

Երբեմն յանկարծ կ'աղօթէ:
Ու կը նիրհէ՜, կը նիրհէ՜...
Մինչեւ որ մութ հեռուէն
Շանթ մ' հորիզոնն հըրդեհէ:

Ահ, մեծ նոճին, այն ատեն,
Փոթորիկին տակ գալարուն:
Կ'երգէ իր Ցա՜ւն անանուն...



Մատթէոս Զարիֆեան

Τρίτη 18 Σεπτεμβρίου 2012

ԱՐԱՐԱՏԵԱՆ ԴԱՇՏԸ




Գեղեցիկ է Արարատեան Դաշտի ձմեռը: Հորիզոնը փակում են Մասիսի զոյգ սպիտակափառ գագաթները՝ հանդարտ ու պատկառելի: Եւ միթէ այս երկնամերձ պահակները չե՞ն ստեղծում այն անդորրը, որ տիրում է Արագածից մինչեւ Արաքս... Ահա՛ գորշ-դեղնաւուն այգիները: Իսկ այգիների գորշութեան մէջ ծիծաղում են արարատեան գիւղերն իրենց թիթեղեայ եւ կղմինտրէ տանիքներով ծածկուած տուֆաշէն առանձնատներով: Ձմեռային արեւի շողերի տակ պէծին են տալիս լայն լուսամուտների եւ ջերմոցների ապակիները:

Ձմեռային անշարժութիւնն ու լռութիւնը խզում են բարեկարգ ասֆալթէ ճանապարհներով տարբեր ուղղութիւններով սուրացող բեռնատարներն ու մարդատարները, որոնք սլաքների պէս անցնում են թափուր այգիների միջով ու անյայտանում: Թրաքթորներն ու էքսքաւաթորները հռնդում են ու փնչացնում:

Անպատմելի է քաղցրութիւնը երդիքների անոյշ ծխի, որն այնպէս կապոյտ բարձրանում է ու ձուլւում է երկնի մովի հետ. կարծես երկնակամարը, որ այնքաան լազուարթ է, իր գոյնն ստացել է պապենական օճախների ծխից: Ահա եւ աղաւնիների երամը, որ քնած դաշտերի վրայով անցնում է որպէս խաղաղ աշխատանքի աւետաբեր:

Արարատեա՜ն հովիտ, գեղեցի՜կ ես դու գարնանը, երբ ծաղկում են հազար թոյրի ու բոյրի քո ծառն ու ծաղիկը: Հմայի՜չ ես դու, երբ քո հուրհրան ու բազմերանգ ծաղիկները ալեկոծւում են հայրենի քնքոյշ զեփիւռից եւ իրենց սօսափիւնով դառնում քո երջանկութեան անմահ երգը:

Թովի՜չ, կախարդակա՜ն ես դու, Արարատեան սո՜ւրբ հող, թովիչ է քո ամառը բազմաբեղուն, քո ամառը հրէ, երբ թւում է, թէ քո արեւը չի ցանկանում գնալ իր հանգստարանը, վաղ արշալոյսից մինչեւ ուշ երեկոյ մայրաբար շռայլում է իր լոյսի ու ջերմութեան բարիքները, քո դեղձին ու նուռին տալով իր բուրմունքները, իր երանգները, իր ուժն ու իր անոյշութիւնը...

Աշո՜ւն... Ո՛վ կեանքում գէթ մէկ անգամ տեսել է արարատեան աշունը, երբեք չի մոռանայ այն, թէկուզ աշխարհի ամենահեքիաթային վայրում եղած լինի:

Այգիների ցանկապատերի եզրին, առուների ափերին, գիշեր-ցերեկ անոյշ սօսափում են, իրենց սաղարթներն են խշխշացնում հայրենի բարտիները: Զուլալ կարկաչում են առուները, իրենց հետ տանում ոսկեթոյր տերեւները, արնագոյն մասուրը, նարնջացոլ դեղձը, կարմրաթուշ խնձորը, սաթէ տանձը, կրակէ շապիկ հագած փշատը: Ջրերի ափին,, ջրերի կարկաչին ունկնդրում է վարդագոյն զանգակագլուխներով խնձորուկը: Նորից են բարձրանում բուրաւէտ դաղձն ու հազարերանգ ծաղիկները արեւի շողերի ներքոյ: Դեղձենին, սերկեւիլենին եւ ընկուզենին կարծես հեքիաթային տօնածառեր լինեն, որոնք վառւում են բիւրաւոր լոյսերով: Խաղողի որթերը ճկռտում են, հառաչում, տնքում հիւթառատ, բազմերանգ ողկոյզների ծանրութիւնից...

Արարատեա՜ն Դաշտ, թանկ են իմ սրտին հայ մշակի ազնիւ քրտինքով ցօղուած քո իւրաքանչիւր թիզ հողը, քո զաւակների արիւնով ներկուած իւրաքանչիւր քարն ու ժայռը: Թո՛ղ յաւերժ հնչի քո աղուտներն արգասաբերող, քո վերջին քարքարուտները մաքրող, քո հողի վերջին կտորը փայփայող քրտնաթոր որդուդ աշխատանքի երգը՝ հայրենի խաղաղ երկնքի ներքոյ:



Քրիստափոր Թափալցեան

ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻ




Հարսի նման ճերմակ հագար,
Ծաղկած բալենի,
Կարծես յոյսի ճամբով եկար,
Իմ յոյս բալենի,
Ինձ առ ճերմակ թեւերիդ մէջ,
Իմ քոյր բալենի:

Ախ, ուզում եմ դողալ քեզ պէս,
Հարսնաքօղի տակ,
Ինձ առ ճերմակ թեւերիդ մէջ,
Իմ քոյր բալենի:
Քեզ տեսնելիս լցւում եմ ես
Անուշ մուրազով,
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով:

Դու ինձ հիմա շատ ես նման,
Քո բոյր ու նազով,
Քեզ տեսնելիս լցւում եմ ես
Անուշ մուրազով,
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի երազով:



Խօսք՝ Լիւդվիգ Դուրեանի
Երաժշտութիւն՝ Խաչատուր Աւետիսեանի
Կատարում՝ Լուսինէ Գասպարեանի
 

Δευτέρα 17 Σεπτεμβρίου 2012

***** (ԵՍ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ)




Ես մտածում եմ միայն քո մասին,
Ես ի՞նչ եմ, ոչինչ, ես կամ ու չկամ,
Կը հալուեմ որպէս ձիւնեղէն փոշին,
Իսկ դու Մասի՛ս ես մշտնջենական:

Դու եղիր յաւե՜րժ, յաւե՜րժ երջանիկ,
Քեզ չեն տատանի մրրիկները մառ,
Ես, իմ Հայաստան, իմ մայր Հայրենիք,
Կ'ապրեմ, կը մեռնեմ քո բախտի համար:


Աշոտ Գրաշի

Παρασκευή 14 Σεπτεμβρίου 2012

ԿՈՏՐԵԼԷՆ ԵՏՔԸ





Հարկաւ ազնիւ յախճապակի էր այս սուրճի սկահակը իր պզտիկ պնակին մէջ, երբոր նուէր բերին ինծի օր մը:

Տուողը, բարեկամներէս մէկը, որուն պզտիկ ծառայութիւն մը մատուցեր էի, ըսաւ թէ չնչին բան մըն էր տուածը:

Ասիկա զատեր էր, որպէսզի սուրճը անոր մէջէն խմեմ եւ միշտ յիշեմ զինք այս առթիւ:

Պարզ զարդի համար տեղ մը դրինք: Քանի մը օր վերջը հոս ու հոն նետուեր էր. անգամ մը պզտիկ զաւկիս ձեռքը տեսայ. հետը կը խաղար ու ժամանակ կ'անցընէր: Օրին մէկն ալ ձեռքէն վար ինկաւ, հազար կտոր եղաւ:

Անցած օր անոր պզտիկ պնակը ձեռքս անցաւ. սրտի նեղութեան մէկ վայրկեանիս, նուրբ գծագրութիւններն ու գունագեղ կիտուածները կը զննէի: Ստուգիւ գեղեցիկ արուեստի մը հրաշակերտ էր: Յանկարծ, իրարու ՝փաթթուած երկու տառեր նշմարեցի՝ վրան արքայական զինանշանով: Ճիշդ դիմացի կողմը շրջանակին՝ միեւնոյն զինանշանը ու միեւնոյն սկզբնատառերը:

Այս տառերը ֆրանսերէն Լ եւ Ֆ տառերն էին. եւ ահա լոյսը ծագեցաւ միտքիս մէջ: Լուի Ֆիլիփի կը վերաբէր այդ սուրճի սկահակը իր պնակով:

Ա՛լ տարակոյս չկար, Ֆրանսիայի թագաւորինն էր անիկա. զարդարուն ու նրբակերտ շինուածքը բաւելու էր արդէն մէկ նայուածքով ճշդելու թէ ան սովորական մահկանացուի յատուկ բան մը չէր կրնար ըլլալ:

Եւ հիմա որ կտրած, փշրուած էր այդ խեղճ սկահակը, որուն արժէքը չէի կրցած ըմբռնել, երբոր տարիներ մնացեր էր քովս, ձեռքիս տակ, հիմա որքան կը զղջայի ըրածիս վրայ, որչափ կը կշտամբէի ինքզինքս՝ քիչ մը հոգ եւ ուշադրութիւն չտանելուս համար թանկագին բան մը հասկնալու եւ պահպանելու:

Բարեկամութիւններն ալ ատանկ են շատ անգամ. ամենադոյզն արժէք մը չենք տար այն սրտերուն, որոնք յօժար ու լուռ հաւատարմութեամբ մը մեզի կը սպասեն, եւ հարկ է որ այդ սրտերը խորտակուին, որպէսզի կորուստին մեծութիւնը կարենանք զգալ ու չափել:

Այսպէս պատահեցաւ իմ սուրճի սկահակիս համար ալ: Ճանչցայ... կոտրելէն ետքը:



Գրիգոր Զօհրապ

ԻՆՉՈ՞Ւ ՍԻՐՏԴ ՍԱՌՆ Է, ԵԱՐ





Դարձեալ նազով տեսայ ես քեզ, իմ աննման գեղանի,
Սերդ այրում է, դու տանջում ես քո նազերով, նազանի,
Հուր հայացքդ ու նայուածքդ մարդու խելքը կ'առնէ, եար,
Դու կրակ ես, սիրտ կը վառես, ինչո՞ւ սիրտդ սառն է, եա՜ր:

Սրտիս խորքից, եա՛ր, քո անուան բիւր երգեր եմ նուիրել,
Սիրոյ երգս էլ լսող մարդիկ քեզ յարգել են ու սիրել,
Հիմա սիրոյ քաղցրիկ երգս էլ քո ականջին դառն է, եա՛ր,
Դու կրակ ես, սիրտ կը վառես, ինչո՞ւ սիրտդ սառն է, եա՛ր:
Հավասին եմ, կ'ուզեմ վերջ տալ սիրոյ երգին բերկրանքի,
Սակայն, ինչպէ՛ս մոռանամ ես յուշերն անուշ մեր կեանքի,
Ինչպէ՛ս հանեմ սէրդ ինձանից, իմ հոգու հետ խառն է, եա՛ր,
Դու կրակ ես, սիրտ կը վառես, ինչո՞ւ սիրտդ սառն է, եա՛ր:



Խօսք՝ Գուսան Հավասիի
Երաժշտութիւն՝ Գուսան Հավասիի
Կատարում՝ Յովհաննէս Բադալեանի