Πέμπτη 4 Αυγούστου 2011

ՕՐՕՐ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ






Դուն նստեր ես ճամբաներուն անկիւնը,
Մազերդ ի վար իջեր կախուեր է ձիւնը,
Մարմնոյդ վրայ կը փոսանան մութ խոցեր,
Եւ աչուըներդ արիւնի լիճ են դարձել:

Ո՞ր չար պարիկը հիւսեց թելը բախտիդ...
Ո՞վ տեսնելով քեզ տապալուած ու վտիտ՝
Պիտի յիշէ, որ դուն երբեմըն հզօր
Աղջիկն էիր սեւ աչքերով լուսաւոր:

Կը ծփային մազերդ ինչպէս դրօշ մը լայն՝
Ազատ լերան մէջ ուր հոգիդ մեծաձայն
Կը մռընչէր խոյանալով սարէ սար,
Ու ծոցդ հպարտ՝ մեղր ու կաթով կ'ուռենար:

Քեզ ցանկացին յելուզակները բոլոր.
Պաշարեցին քեզ ոսոխներ ահաւոր.
Երկար ատեն ոգորեցար, կռուեցար,
Մինչեւ ա՛լ խոնջ ինկար գետին ուժասպառ:

Եւ քու հոգիդ արգաւանդ էր ու բարի՝
Կործանարար ուժերուն մէջ վիթխարի.
Դուն կեանքի ծիլ մաւելցուցիր աշխարհին,
Մատներդ հողէն գեղեցկութիւն հանեցին:

Դուն Անահիտն էիր խաղաղ աչքերով,
Ոսկիամայրն էիր պայծառ լանջքերով,
Ծոցէդ բարիք, նայուածքէդ լոյս կը տեղար,
Շրթներդ դաշն էին ու ձեռքըդ ճարտար:

Եկան խուժերն ու ձեռքիդ կապ անցուցին,
Բզըքտեցին, աղարտեցին ծոցդ անգին.
Եւ բիւրախոց դարձար դուն Մայրը կարմիր՝
Գողգոթային ճամբուն վրայ ծնրադիր:

Ի՜նչ գեղեցիկ, ի՜նչ քաջ եղար ցաւին մէջ ...
Աղէտքին տակ հոգիդ մնացեր էր անշէջ.
Կարծըր լուծեր կոտրտեցիր ու մահէն
Քանի՜ անգամ ոտքի ելար դուն նորէն:

Աչքըդ լոյսին կը սեւեռէր անդադար.
Միտքըդ, խիզախ, նոր աշխարհին կը դառնար.
Ու դարերով յամառեցար, առանձին,
Թումբ ձեւանալ ասիական հեղեղին:

Մեծցաւ հեղեղն ու զգետնեց քեզ մոլեգին
Ու մարեց բոցըդ թափով իր ալիքին.
Չուառական, խաւարին մէջ, հողամած,
Միշտ կենդանի, դուն սպասեցիր գալարուած:

Գիշեր ատեն, մերթ հին շիրմաց խաչերը
Կ'երերային, ու Մասիսի քաջերը
Մութին մէջէն կը շողային բարկաճայթ,
Աչուըներէն արձակելով շառ ճառագայթ,

Օդին մէջ խուլ կը թընդային թմբուկներ,
Դուն, դող ելած, կ'առնէիր պահ մաչքըդ վեր,
Ու, վրդոված, կը նայէիր լեռներուն,
Ոչի՜նչ՝ բայց մութը ծանր ու պաղ լռութիւն...

Օր մալ ցաւի ցնցման մը մէջ անսահման՝
Ցցուեցար մեծ ճիչով մանձկոտ ընդվզման,
Աշխարհ ձայնիդ խուլ մնաց ու բիրտ ուժին
Կոյր գարշապարը ճզմեց ճիգըդ քուկին:

Բարկ հուրերու մէջ ճիւաղներ ցատկեցին,
Սիրտդ այրեցին ու աչուըներդ փորեցին,
Տունէդ վանուած, հովերուն տակ մնացիր,
Մերկ տարածուած - չորսդիդ արիւն ու մոխիր:

Հիմա նստեր ես, ցաւագի՛ն ուրուական,
Աւերներուն պատկերին մէջ տխրական.
Կը խածկրտէ վէրքերըդ հովը սառուտ,
Արիւն կ'իյնայ խեղճ ծիծերէդ կաս-կապուտ:

Դանդաղօրէն կը ժաժես գլուխդ ու կու լաս,
Ու ցած անուշ ձայնով օրօր կը կարդաս
Զաւկըներուդ, որ արիւնին մէջ ինկան
Եւ անոնց, որ չորս հովերուն ցրուեցան:

Օրօ՛ր կանանչ արեւներուն, լուսաւէտ
Աչուըներուն, որ մարեցան առ յաւէտ,
Եւ անոնց, որ դեռ կ'ապրին ու կը տանջուին
Զնդաններուն մէջ ու մռայլ աքսորին:

Հերի՛ք, հերի՛ք... այդ օրօրդ ողբ է մահու.
Հերի՛ք... մենք նոր օրօր ունինք երգելու,
Պիտի երգենք օրօրն յոյսին ու վրէժին,
Ու մեռելներն պիտի հողին տակ սարսին...

Հերի՛ք, հերի՛ք... վեր առ գլուխդ ու մի՛ լար,
Ցաւը սուրբ է, ցաւը՝ մեծ ու փրկարար.
Ոչինչ կայ վեհ, քան խաչին տակ զոհն արի,
Գիշերին մէջ կը հիւսուի այգը բարի:


Ժանտ դահիճներն ու քանդողները մթին
Փոշիի պէս պիտի անցնին ու ցնդին,
Ու մոխիրին մէջէն պիտի ելլես դուն,
Տառապանքէն նորոգուած ու շողշողուն:

Մի՛ լար, մի՛ թոյլ մազերդ հովուն տարտըղեր,
Մի՛ լար, մի՛ խեղճ գլուխըդ վար կործաներ.
Ճանճցիր դուն քեզ, ժողվէ՛ աւիւնդ ցիրցան,

Հերի՛ք ուժերդ օտար տան սիւն կանգնեցան:

Հանգի՜ստ դժգոյն եղբայրներուն, որ ինկան,
Ելի՛ր, օրհնէ՛ մեզ, տարածէ մեր վրան
Թեւերդ անհուն: Թող մեր արիւնն ու հոգին
Քու արեւուդ մատաղ ըլլան ու ցամքին:

Մութին մէջէն պիտի ցցուիս յաղթական,
Աչքերդ աստղեր պիտի դառնան ու ցոլան.
Վէրքերդ վարդ պիտի ըլլան հոտավէտ
Ու լոյս պիտի թափի ճերմակ մազերէդ:

Պիտի կանգնիս ճամբաներուն բերանը,
Պիտի քանդես Բռնութեան սեւ խորանը.
Ոտքի՛ ելիր, ցաւերդ երկունքն են հսկայ,
Ով Մա՜յր, աշխա՛րհ մը ծոցիդ մէջ կը խլըրտայ:



Արշակ Չօպանեան







Τρίτη 2 Αυγούστου 2011

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԳԵՐԻ ՄԷՋ






Մի փոշոտուած փշատենի,
Մի յօշոտուած խաղողի որթ,
Նորքի վրայ մի հին բարտի,
Մի հին պոստան Արազի մօտ,
Մի տարագիր հոգու բաղձանք,
Մի ծիծեռնակ ու մի կռու՜նկ,
Պանդխտութեան ճամբաներում
Հազար քարի բախուած կրու՜նկ,
Որդեկորոյս մայրերի ողբ,
Որբերի սիրտ վէրքերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինաւուրց երգերի մէջ:

Երկաթագիր մի մագաղաթ,
Մի սրբատաշ տաճարի վէմ,
Մի կուռ վահան` ասիական
Մրրկարշաւ ցեղերի դէմ,
Թշնամասաստ մի այրուձի
Եւ ընդվզում մի անողոք,
Մի Վարդանի սրի շառաչ,
Մի Ֆրիկի արդար բողոք,
Մի Սասնայ տան Թուր-Կայծակի
Դաւթի հզօր ձեռքերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինաւուրց երգերի մէջ:

Նստած Դաշտում Արարատեան,
Մէջքը յենած Արագածին,
Ականատես եւ ունկնդիր
Աշխարհների անցուդարձին,
Կռելով բախտն ու ապագան
Թէժ բովերում գործարանի՝
Բորբոքում է օճախն իր հին,
Ծխում է ծուխն իր ծիրանի՝
Վառած աստղերն իր նոր փառքի՝
Ամենավեհ փառքերի մէջ-.
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Մարմին տուած իր դարաւոր,
Իր փառաւոր երազանքին,
Իր վաստակած դաստակներով,
Վաստակներով իր թանկագին,
Տարազներով իր ծաղկաւոր,
Իր ինքնութեան զարդ-քանդակով,
Դրօշակով իր պետական
Եւ սեփական պարլամենտով
Կանգնել է՝ ողջ հողագնդին
Յոյս առաքող ազգերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Լոյս է քամում իր գետերից
Ոգորումով իր անխափան,
Լուսաւորում իր խոր հոգին,
Իր տունն, իր կեանքն ու իր ճամբան,
Եւ տքնելով, ինքն իրենից
Հազար անգամ հզօրացած,
Մեղր է քամում փշից անգամ
Եւ կարկառից գինի ու հաց,
Նռան հիւթ է քամում քարից.-
Իր սիւնաբարձ քերծերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Արարատեան երկնքի տակ
Իր ոստանը սրբագործել,
Ամէն մի քարն իր երազի
Արեւով է ոսկեզօծել,
Ի հեճուկս նրանց, ովքեր
Մեր Արարատն առան գերի,
Իր հանճարի բռնկումով
Կերտել է Տունն իր երգերի,
Կերտել է նոր մի Արարատ
Երկինք մտած շէնքերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Մի անհանգիստ մտքի թռիչք
Անդրաստեղեան ոլորտներում,
Ճարտար մի ձեռք այս աշխարհի
Վերակերտման որոտներում,
Եղբայրութեան զրահներով
Ամրապնդուած հուր-յաւիտեան՝
Մի աչալուրջ սահմանապահ
Ամենամեծ մի տէրութեան
Եւ Թամանեան մի Զօրագունդ
Ռազմի դժուար երթերի մէջ.-
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Իր սխրանքի դափնիներով
Եւ գանձերով իր հին ու նոր
Հաւասարւում ամէնքի հետ,
Ամէնքի չափ հպարտանում,
Ջղագրգիռ այս մարդկութեան
Երազների հանգրուանում
Շաղ է տալիս բերքն իր բարի
Անմահութեան հերկերի մէջ
Իմ բարձրաբերձ Հայաստանը
Դեռ չգրուած երգերի մէջ:


Համօ Սահեան
















ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ





Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բա՛ռն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանըւագ, լացակումած լա՛րն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛յրը վառման,
Ու նայիրեան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ,
Արեւն ամրան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սեւ
Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քարն եմ սիրում:

Ուր է՛լ լինեմ, չե՜մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՛ւր սիրտըս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր-
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան- եա՛րն եմ սիրում:

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկայ.
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ.
Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ.
Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:



Խօսք՝ Եղիշէ Չարենցի
Երաժշտութիւն՝ Աշոտ Սաթեանի
Կատարում՝ Յովհաննէս Պատալեանի

***** (ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ)





Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բա՛ռն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանըւագ, լացակումած լա՛րն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛յրը վառման,
Ու նայիրեան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ,
Արեւն ամրան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սեւ
Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քարն եմ սիրում:

Ուր է՛լ լինեմ, չե՜մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՛ւր սիրտըս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր-
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան- եա՛րն եմ սիրում:

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկայ.
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ.
Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ.
Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:



Խօսք՝ Եղիշէ Չարենց
Ասմունքող՝ Խորէն Աբրահամեան