Δευτέρα 6 Ιουνίου 2011

ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ




Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակւում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜յս են ուզում խմորել:

Քո թեւերի՛, բա՛ց թեւերի, մե՛րկ թեւերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվէժնե՜ր, են երեւում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտօնաթո՜ղ է դարձել:

Քո քայլուածքի՛, քո քայլուածքի՛, քո քայլուածքի, պատճառով
Լսողութեամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցա՛ծըս՝ հպարտութի՜ւնս յաղթողի:


Պարոյր Սեւակ
23 Մարտ 1959

ԷՍԹՈՆԱԿԱՆ ԵՐԳ





Երբ կը յոգնես, կը գազազես աշխարհից՝
Դարձիր իմ մօտ, վերադարձիր դու նորից.-
Ցաւած սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել:

Եթէ բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջոյն տան
Գուցէ ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին:

Եթէ հեռւում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնէ անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կը ցաւի
Անմխիթար մորմոքումից քո ցաւի...


Վահան Տէրեան
1906

***** (ԴԻՒԹԵՑԻՆ ԻՆՁ ՔՈ ՄԱԶԵՐԸ)


Դիւթեցին ինձ քո մազերը ալեծածան
Եւ աչքերիդ խորութիւնը խորախորհուրդ,
Եւ քո քնքուշ ժպիտների խօսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մէջ մի քաղցր մութ...
Դիւթեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ
Քո խօսքերի զանգակները զուարթաձայն.
Շուրթերըդ- վարդ բոցավառուած են իմ առաջ
Ցանկութիւնով արիւնատենչ ու մեղսական:
Մութ ցանկութեամբ ես քո կանչող գիրկն են ընկնում,
Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ,
Քո գրկում կայ սիրուց անուշ մի հիացում,
Քո խաւարում- մոռացութեան մի ակնթարթ...


Վահան Տէրեան
1908

***** (ԴՈՒ ՎԱՅՐԻ ԺԱՅՌԻ ԾԱՅՐԻՆ)



Դու վայրի ժայռի ծայրին
Քմահաճ կակաչ լինես,
Ես նայե՜մ, նայե՜մ վարից
Ու քեզնից կարօտ մնամ.
Դու խորունկ, խորունկ ձորում
Ինձ կանչող կարկա՜չ լինես,
Ես անզօր նայե՜մ վերից
Ու քեզնից ծարա՛ւ գնամ:

Դու ծաւի ծովի ծոցում
Մարգարիտ քարը լինես,
Ես անյոյս նայե՜մ ափից
Ու քեզնից անմա՛ս մնամ.
Դու յաւերժ մօ՜տ ու հեռո՛ւ՝
Մեր Մասիս սարը լինես,
Ես նայե՜մ, այրուե՛մ անվերջ
Ու քեզնից անհա՜ս մնամ...


Խօսք՝ Սիլվա Կապուտիկեան
Կատարող՝ Հրաչուհի Խումարեան

***** (Կ'ՈՒԶԷԻ ՀԻՄԱ ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ)


Կ'ուզէի հիմա քո ճանապարհին
Ամէն, ամէն ինչ զուգել, զարդարել,
Դու կասկածէիր կեանքում շատերին,
Բայց չիմանայիր որ ես եմ արել:

Եւ ամէն գիշեր պատուհանիդ տակ
Կ'ուզէի գարնան ծաղիկներ դնել,
Դու լուսաբացին առնէիր դրանք,
Բայց չիմանայիր որ ես եմ դրել:

Ու երբ մահը քեզ այցի գար թաքուն,
Կ'ուզէի նրան իմ կեանքով շեղել...
Դու երկար, երկար ապրէիր կեանքում
Եւ չիմանայիր՝ ով եմ ես եղել...


Արամայիս Սահակեան

ՉՔՆԱՂ ԵՐԱԶ





Դու ինձ համար սիրոյ աղբիւր,
Ես քեզ համար գուցէ ոչինչ,
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար գուցէ ոչինչ:

Հեռուից ես քեզ գոնէ տեսնեմ, սիրեմ,
Որպէս կեանքիս չքնաղ երազ,
Արեգակին պէտք է հեռուից նայել,
Կ'այրի եթէ շատ մօտենաս:

Կեանքում դու միշտ ուրախ մնայ,
Եւ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կեանք սիրով կտամ,
Ես քեզ համար գուցէ ոչինչ:


Խօսք՝ Արամայիս Սահակեանի
Երաժշտութիւն՝ Առնօ Բաբաջանեան
Կատարող՝ Ռուբէն Մաթեւոսեան


















Մ- ԻՆ




Կ'ուզէի լինել կարկաչուն վտակ,
Վճիտ ալիքը դրախտի բուրմունքով,
Եւ առաւօտեան, ինչպէս ցօղ յստակ,
Երեսդ ոռոգել գոհար շիթերով:

Կ'ուզէի լինել սօսի հովասուն,
Համարձակ փռուած կանաչ սաղարթով,
Եւ միջօրէին այդ դէմքիդ սիրուն
Հովանի լինել հեզիկ շրշիւնով:

Կ'ուզէի լինել ծաղկոցում բացուած
Քաղցրաբոյր մի վարդ, երկնից արժանի,
Եւ սիրոյ ժամին, խանդիցս արբած,
Զարդարանք լինել կուրծքիդ գեղանի:

Եւ շող դառնալով գարնան արեւի՝
Կ'ուզէի պայծառ աչերումդ վառուել,
Կամ ինչպէս քնքուշ ոսկեվառ գօտի
Չքնաղ իրանիդ փաթաթուել, փարուել:

Լուսափայլ աստղիկ կ'ուզէի դառնալ,
Քաղցր մանկան պէս ծիծաղն երեսին,
Ինչպէս ադամանդ շողշողել, ցոլալ,
Ո՛վ իմ թագուհի, քո բաց ճակատին:

Կ'ուզէի լինել լուսին ամօթխած,
Արծաթի փայլով մազերըդ շոյել,
Այտերըդ գգուել, սիրուց բորբոքուած,
Դողդոց շրթունքիդ համբոյրներ դրոշմել:

Կ'ուզէի լինել սիրահար սոխակ
Եւ ձեռիդ գերի, վանդակում փակուած,
Ականջիդ հնչել հրաշալի նըւագ,
Մեղմ օրօր ասել քո հոգուն զմայլուած:

Եւ կախարդական տաճարում կանգնած
Կ'ուզէի տեսնել ես քեզ Անահիտ,
Եւ երկրպագել, առաջիդ չոքած,
Սուրբ գեղեցկութեան անմահ տիպարիդ:


Յովհաննէս Յովհաննիսեան