Κυριακή 5 Ιουνίου 2011

Կ'ՈՒԶԵՍ ԼԻՆԻՄ






Խօսք՝ Աւետիք Իսահակեանի
Երաժշտութիւն՝ Վլադիլէն Բալեան
Կատարող՝ Արմէն Դարբինեան

***** (Կ'ՈՒԶԵ՞Ս ԼԻՆԻՄ ՎՇՏԻ ՑՕՂԵՐ)




Կ'ուզե՞ս լինիմ վշտի ցօղեր՝
Աչքերիդ մէջ շող ցայեմ.
Լուռ գիշերուայ անուշ հովեր՝
Փունջ ծամերդ փայփայեմ:

Կ'ուզե՞ս լինիմ վարդ-նազելի՝
Կրծքիդ վրայ վառվռիմ.
Արշալոյսի շողեր ոսկի՝
Դէմքիդ վրայ փայլփլիմ:

Կ'ուզե՞ս լինիմ ծառ ու ծաղիկ՝
Քեզ գրկումս նինջ սփռեմ.
Թալուկ ստուեր, թովիչ թռչնիկ,
Օրօր ասեմ, օրօրեմ:

Ինչ որ ցանկաս՝ կ'ուզե՞ս լինիմ,
Լինիմ երկինք ու երկիր,
Լինիմ ծով, ժայռ, արեւ, լուսին,
Միա՛յն, միա՛յն ինձ սիրի՛ր...


Աւետիք Իսահակեան

Կ'ՈՒԶԵ՞Ս




Կ'ուզե՞ս լինեմ անհուն եթեր՝
Ազա՜տ, յակինթ ծալքեով,
Իսկ դո՛ւ կրծքիս աստղ լուսաբեր,
Ցոլա՛ այնտեղ շողերով:

Կ'ուզե՞ս լինեմ բողբոջ ծաղիկ
Նազուկ մէջքով, հոտաւէտ.
Իսկ դու նախշուն ժիր թիթեռնիկ,
Խաղա՛ դէմքիս հովի հետ:

Կ'ուզե՞ս լինեմ զուլալ վտակ,
Իսկ դու նոճի իմ ափին.
Փարուեմ ոտքիդ կոհակ-կոհակ,
Փարուեմ կրծքիդ՝ մրափեմ:

Ինչ որ կ'ուզես- ես կը դառնամ,
Միայն ապրենք մենք սիրով-
Սիրոյ շնչից միշտ անթառամ
Միշտ ջի՜նջ, յստակ սրտերով...


Շուշանիկ Կուրղինեան

ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿ ՄԸ ԳԱՐՈՒՆԻ




Խօսք՝ Միսաք Մեծարենցի
Երաժշտութիւն՝ Ռոպէրթ Ամիրխանեանի
Կատարողներ՝ Ռոպէրթ Ամիրխանեան եւ Սեդա Ամիրգարայեան

ԵՐԱԶ ՕՐԵՐ





Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մ' ինծի նըւիրեցիր.
Ըզգացի թէ տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը յորդեցաւ
Իմ նըւաղկոտ լանջքիս տակ՝ ուր
Դողաց սիրոյ սարսուռն անցաւ՝
Ու թովանքը համբոյրին հուր:

Եւ ըղձակաթ իմ հէգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսէ ուղի մը զիս
Սէր-Ծաղիկին տարաւ ածուն:

Հոն ժըպտեցաւ կեանքը ինծի,
Հըմայքներու հոյլովն անցաւ,
Եւ ուրուական մը կասկածի
Անոր մօտէն երբեք չանցաւ:


Միսաք Մեծարենց

***** (ՔՆՔՈՒՇ ԴՈՒ)



Քնքուշ դու, լուսէ աղջիկ ես,
Արտոյտ ես, ոսկէ թռչնակ ես,
Չար նետը թող չդիպչի քեզ,
Աշուն ու ձմեռ չգայ քեզ:
Թող սիրտդ մնայ խնդուն յար,
Հոգին քո- լուսէ թիթեռդ
Խաղայ յար եւ հուրհուրա՛յ վառ,
Չար հուրը չայրէ թեւերդ:
Հրէ՛ դու, արեւային դու,
Մաքո՛ւր դու, լուսէ յասմիկ ես,
Անմար թող ցոլայ քո խինդը,
Չար աչքը թող չտեսնի քեզ...


Վահան ՏԷրեան
1917

***** (ԵՍ ՈՐՏԵՂԻ՞Ց ԻՄԱՆԱՅԻ)





Ես որտեղի՞ց իմանայի
Որ այդպէս է լինում սէրը...
Միայն գիտեմ՝
Քեզ տեսնելիս բերկրում էի
Ինձնից անկախ,
Եւ երբ գնում էիր՝ տխրում:
Միայն գիտեմ որ մի անգամ
Մաքուր, ճերմակ թղթի վրայ
Ես գրեցի քո անունը
Ու թաքցրի այն սրտիս մօտ.
Յետոյ՝ ահով
Ես այրեցի թուղթն այն ճերմակ,
Որպէսզի ոչ ոք չիմանայ:
Ու չիմացաւ:
Եւ երբ մի օր
Սիրոյ խօսքեր ինձ ասացիր,
Ես լաց եղայ ու հեռացայ...
Ես որտեղի՞ց իմանայի
Որ հէնց դա է, դա է սէրը:


Անահիտ Պարսամեան