Κυριακή 5 Ιουνίου 2011

***** (ԹԷ ԱՉՔԵՐԸՍ ՔԵԶ ՈՐՈՆԵՆ)




Թէ աչքերըս քեզ որոնեն,
Ես կը փակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն:

Թէ խենթ լեզուս անունըդ տայ,
Ես կը սեղմեմ ատամներով,
Որ հնչիւն իսկ չշըշընջայ:

Բայց երբ սիրտըս, սի՛րտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դէմ,
Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՜վ փակեմ:


Խօսք՝ Սիլվա Կապուտիկեանի
Կատարող՝ Լեւոն Սեւան

ՍԻՐԵՑԻ, ԵԱՐՍ ՏԱՐԱՆ





Խօսք՝ Աւետիք Իսահակեանի
Երաժշտութիւն՝ Ժողովրդական
Կատարող՝ Սեւակ Ամրոյեան

***** (ՍԻՐԵՑԻ, ԵԱՐՍ ՏԱՐԱՆ)




Սիրեցի, եարս տարան.
Եարա տուին ու տարան.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է.
Սիրտս պոկեցին, տարան:

Ցաւս խորն է, ճար չկայ,
Ճար կայ, ճար անող չկայ.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է.
Սրտացաւ ընկեր չկայ:

Լա՛ւ օրերս գնացի՜ն,
Ափսո՜ս ասին, գնացի՜ն.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է.
Սեւ դարդերս մնացին...


Աւետիք Իսահակեան
1898

***** (ԱՊՐԵԼՈՒՑ ՔԱՂՑՐ Է)


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս եւ լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրուելու,
Երազել միշտ քեզ- լինել քեզ օտար...

Ստուերըդ փնտռել ամէն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարօտում անվերջ տառապել
Եւ լինել քեզնից բառանուած յաւէտ...

Ու գերեզմանում սեւ հողերի տակ
Եւ ոչ մի յուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, եւ քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ յստակ...


Վահան Տէրեան

Πέμπτη 2 Ιουνίου 2011

ՑԱՆԿՈՒԹԻՒՆ



Քո հայեացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,-
Պարուրիր ինձ կուսական
Յուզումներով քո դիւթող:

Ինձ փաթաթիր, որպէս ամպ՝
Մութ աչքերդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրութեամբ,
Անցաւ կեանքս խորտակիր...

Արիւնոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թող աչքերս հեզ մեռնին,
Կեանքս մարիր ու փախիր:

Քո հայեացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,-
Պարուրիր ինձ կուսական
Յուզումներով քո դիւթող:


Վահան Տէրեան
1906

ՍԻՐԵՐԳ



Երբ կը մեկնիմ ես քու քովէդ,
Կ'ըլլամ շիկնոտ ու թռվըռուն՝
Ինչպէս կ'ըլլայ՝ բուրումնաւէտ
Վարդենիքէն անցնող առուն:

Եւ ջուրին պէս այն թռվըռուն,
Քու նախընծայ գրկանքիդ հետ,
Մոլորելով կ'ըլլայ անհետ՝
Գետ հոգւոյդ մէջ՝ սրտիս առուն:

Ու գետին պէս՝ սրտիս առուն
Կը տանիս քու մահուան ճամբէդ՝
Զարնելով զայն մերթ ծաղկաւէտ
Ափունքներուն՝ մերթ քարերուն:


Միսաք Մեծարենց

Τετάρτη 1 Ιουνίου 2011

***** (ԻՄ ՀՈԳԻՆ ՏԱՐԱԳԻՐ ՄԻ ԹՌՉՈՒՆ)


Իմ հոգին տարագիր մի թռչուն՝
Մրրկով զարնուած, թեւաթափ.
Հողմերն են հէգ գլխիս շառաչում,
Եւ ուղիս անհատնում եւ անափ:

Դու բիւրեղ բարձունքում մի երազ՝
Լուսազարդ, եւ քնքուշ, եւ գողտրիկ,
Մի երազ սրբափայլ եւ անհաս,
Յաւիտեան հեռաւոր մի աստղիկ:

Ա՜խ, նայիր մի անգամ ինձ վրայ
Քո անդորր եւ քո խոր աչերով.
Հայեացքիդ ծովի մէջ գէթ մի պահ
Թող հանգչեմ սրտիս հուր-տենչերով:

Իմ հոգին վիրաւոր մի թռչուն,
Չունի բոյն, չունի քուն ու անդորր.
Հողմերն են հէգ գլխիս շառաչում,
Եւ ուղիս սեւ ու մութ եւ մոլոր...


Աւետիք Իսահակեան
1905