Σάββατο 20 Οκτωβρίου 2012

ՍԻՐՏ ԻՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ՆՈՐԻՑ ԽՌՈՎԵԼ




Սի՛րտ իմ, ինչո՞ւ ես նորից խռովել,
Ի զուր ինձ ու քեզ ինչո՞ւ ես տանջում.
Ի՞նչ ես կամեցել, որ քեզ չեմ տուել,
Ի՞նչ ես պահանջում:

Ա՜խ, խռովում ես դու այդպէս յաճախ,
Բայց համր լեզուդ ես չեմ հասկանում,
Սի՛րտ իմ, երեխա՜յ քմահաճ ու չար,
Անլեզո՜ւ մանուկ...


Պարոյր Սեւակ
16/2/1947
Երեւան

Παρασκευή 19 Οκτωβρίου 2012

ՍԵՒԱՆԱՅ ԼԻՃԸ




Սեւանայ Լիճն ընկած է բարձր լեռների գոգաւորութեան մէջ:

Ջինջ է Սեւանը անամպ օրերին: Նայողին այնպէս է թւում թէ երկնի լազուրից մի կտոր պոկուել ընկել է այդ լեռների գոգը՝ նրանց խիստ տեսքը մեղմելու համար:

Իսկ նրան շրջապատող լեռները կարծես հեքիաթային հսկաներ լինեն, որ ուս ուսի շուրջպար են բռներ ու հէնց պարի ժամանակ էլ քարացել են:

Մի տեղ այդ հսկաներից երկուսը կարծես ուշացել են ուսերն իրար կպցնել եւ այդպէս էլ քար կտրել՝ իրենց միջեւ թողնելով մի բացուածք: Այդ բացուածքով է դարեր շարունակ հոսում Հրազդանը:

Հայաստանի ճարտարագէտները փոխեցին Հրազդանի դարաւոր հունը եւ նրան ստիպեցին գնալ այնտեղ, ուր ցանկանում է մեր ժողովուրդը: Այժմ Հրազդանը դուրս է գալիս լճի մի այլ մասից, մտնում է լերան ընդերքը, հոսում մթին փապուղիներով, ապա լոյս աշխարք ելնելով՝ շտապում է դէպի Արարատեան հովտի ջրապապակ այգիներն ու դաշտերը, գնում է կեանք տալու երբեմնի անապատներին: Բայց մինչեւ հանրային ցանքերին ու այգիներին հասնելը, ահռելի թափով նա ցած է իջնում լեռնալանջերին մեկնուած լայնաբերան խողովակներով, ձորերում տինամոմեքենաներ է աշխատեցնում եւ ելեկտրական հզօր ուժի վերածուած՝ պղնձեայ լարերով գնում է շարժման մէջ դնելու մեր Հայրենիքի գործարաններն ու հանքերը:

Ահա մենք Երեւանի կողմից մօտենում ենք լճին եւ զգում ենք որ երկիրը ինչ-որ աներեւոյթ ուժից դողդողում է մեր ոտքերի տակ: Սեւանի ջրերն են գահավիժում գետնի խորքը եւ այնտեղ աշխատեցնում ստորերկրեայ հիտրոկայանը:

Չքնաղ է Սեւանը իր նազանքներով, չքնաղ են եւ նրանում խայտացող ձկները: Սեւանի ջուրը սառնորակ է ու քաղցրահամ, ուստի նրա մէջ ապրում են լեռնային վճիտ ջրերին սովոր ձկների ընտիր տեսակներ: Ժողովուրդը հնում շքեղ անուններ է շնորհել Սեւանայ գեղանի ձկներին՝ կարմրախայտ, գեղարքունի, իշխան...

Մերկ են Սեւանի ափերը, եւ այժմ մեր ժողովուրդը ծածկում է այգիներով ու ծառաստաններով: Բայց շատ հազարամեակներ առաջ մերկ չի եղել Սեւանը: Նրան շրջապատող լեռների լանջերը ծածկուած էին հաստաբուն ծառերի անտառներով, որ վխտում էին ամեհի արջերը: Հովտում արածում էին կովկասեան «գիգանտ-եղջերու»-ի եւ ոլորուն եղջիւրներով վայրի ցուլերի նախիրները, իսկ երկնաբերձ կաղամախիների ստուերները խաղում էին Զանգուի ջրերի մէջ:

Բայց ի՞նչպէս պատահեց որ այդ հովիտը թաղուեց ջրի տակ:

Հովիտը շրջապատող հրաբխային սարերից մէկը շատ անհանգիստ էր եւ երբեմն ցնցւում էր, ծուխ ու մոխիր ժայթքում, իսկ մթին գիշերները նրա խառնարանի կրակը ցոլանում էր երկնքում, ու կարծես ամպերը հրդեհւում էին: Լերան կատարին երբեմն ահռելի բոցեր էին երեւում, եւ մի հսկայական քուրայի նման նրա գագաթը մե՛րթ բռնկւոմ էր, մե՛րթ իջնում, հանդարտում:

Կատաղի էր այդ սարը, եւ գազաններն ու այն ժամանակուայ կիսավայրենի մարդիկ ահով էին նայում նրան: Եւ նախամարդն իր թոթով լեզուով «Գիժ սար» կոչեց նրան՝ իր խենթ բնաւորութեան համար:

Մի օր էլ, շատ հազարամեակներ առաջ, «Գիժ սարը» բռնուեց ահաւոր դողով, ցնցուեց, գոռաց խլացուցիչ ձայնով, գոլորշու ամպեր ժայթքեցին դէպի երկինք, եւ նրա ներսում անյիշատակելի ժամանակներից ի վեր եռացող կրակի հեղեղը հոսեց լերան լանջերով, լցուեց հովիտը, կտրեց Զանգուի ճանապարհը, ամբարուեց ու քարացաւ:

Հոսեցին ջրերը Այծեմնասարից ու Գեղամայ լեռներից, լցրին հովիտը, կազմեցին այսօրեայ սքանչելի Սեւանը՝ իր աւանդական մենաւոր կղզիով, իր աննման ձկներով, հազար ու մի տեսակ ջրային թռչունների իր երամներով:

Մեր նախնիները պաշտում էին Սեւանայ Լիճը, որովհետեւ նա գազազում էր, խորտակում իրենց ձկնորսական նաւերը, խեղդում մարդկանց եւ մռայլ գիշերներին մռնչում էր վիրաւոր գազանի պէս:

Ինչե՜ր ասես չկան նրա մռայլ խորքերում...

Մարդիկ նրան պաշտում էին ոչ միայն ահից, այլեւ սիրելուց. գարնան խաղաղ առաւօտներին նա ժպտում էր գիւղին իր պայծառ, ջինջ ու մեղմ կերպարանքով, ու կեանքի աղբիւր էր նա մարդկանց համար իր համեղ ու սննդարար ձկներով:



Վախթանգ Անանեան

ԳԱՐՈՒՆ




Ո՜հ, ի՛նչ անոյշ եւ ի՛նչպէս զով
Առաւօտուց փըչես՝ հովիկ,
Ծաղկանց վերայ գուրգուրալով
Եւ մազերուն կուսին փափկիկ.
Բայց չես հովիկ իմ Հայրենեաց,
Գընա՛ անցի՛ր սըրտէս ի բաց:

Ո՜հ, ի՛նչ աղու եւ սըրտագին
Ծառոց մէջէն երգես՝ թռչնի՛կ,
Սիրոյ ժամերն ի յանտառին
Ըզմայլեցան ի քո ձայնիկ.
Բայց չես թռչնիկ իմ Հայրենեաց,
Գընա՛ երգէ՛ սըրտէս ի բաց:

Ո՜հ, ի՛նչ մրմունջ հանես՝ վըտակ
Ականակիտ ու հանդարտիկ.
Քու հայելւոյդ մէջ անապակ
Նային զիրենք վարդն ու աղջիկ.
Բայց չես վըտակ իմ Հայրենեաց,
Գընա՛ հոսէ՛ սըրտէս ի բաց:

Թէպէտ թռչնիկն ու հովն Հայոց
Աւերակաց շրջին վերայ,
Թէպէտ պղտոր վըտակն Հայոց
Նոճիներու մէջ կը սողայ,
Նոքա հառա՛չք են Հայրենեաց,
Նոքա չերթա՛ն սըրտէս ի բաց:


Մկրտիչ Պէշիկթաշլեան

Δευτέρα 8 Οκτωβρίου 2012

ԱՐԾՈՒԱԲԵՐԴ

 
                                                                   
                                                               Մուշեղ Գալշոյեանին


Եւ բերեցին քարեր խոշոր-խոշոր,
Յօնքերը կախ քարեր՝ խոժոռ-խոժոռ,
Գլոր-գլոր քարեր, քարեր փերթ-փերթ՝
Շինեցին բերդ:
Բերդին արծիւ իջաւ՝ կտուցին օձ,
Օձն էր կարմիր՝ որպէս շանթեղէն բոց...
Ծուատեց արծիւը գալարքն այդ հուր...
Եւ առաւել դարձաւ կարմրափետուր:
Ու բերդաշէն մարդիկ, յաղթ ու բաշեղ,
Նըւիրեցին արծուին խնդում ու շէր,
Եւ յետոյ մուրճ առան, առան հատիչ,
Բերդի բարձրագնայ, ցոլուն պատին,
Որպէս յաղթանակի զինանշան՝
Արծիւ քանդակեցին՝ կտուցին շանթ:



Լիւդվիգ Դուրեան

ԵՍ ԱՅՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ




... Ես ա՛յն եմ սիրում,
Երբ ձմեռ-ամառ... գարո՜ւն է թւում,
Անծանօթ մի վայր քեզ... տո՜ւն է թւում,
Երբ ոչ թէ նայում, այլ... տեսնո՜ւմ ես դու,
Ոչ թէ ունկընդրում, այլ... լսում ես դու,
Երբ սլանո՜ւմ ես,
Եւ ոչ թէ՝ քայլո՛ւմ,
Երբ եւ այրւո՛ւմ ես, եւ ի՛նքըդ այրում.

Ա՛յն, երբ աչքերը աչեր են դառնում,
Խօսքերը սիրոյ կանչե՛ր են դառնում,
Սիրե՛րգ է դառնում ամէն մի հնչիւն,
Եւ արտաշնչո՜ւմն անգամ՝ ներշնչում...

Սիրում եմ սիրոյ այն հրա՜շքը սուրբ,
Երբ որ ձեռքերը դառնում են թեւեր,
Երբ թւում է թէ շարժումից մի նուրբ
Կարող ես մինչեւ աստղե՛րը թեւել.
Երբ կոշտ մատները թաւի՜շ են դառնում,
Արիւնը գարնան աւի՜շ է դառնում,
Եւ ժամերն անգամ՝ հաշիւը խառնում,
Մոռանո՜ւմ են թէ... ինչքան են տեւել...

... Զգացե՞լ էք դուք պահն այդ երբեւէ...



Գէորգ Էմին

Σάββατο 6 Οκτωβρίου 2012

ՍԻՐԻՈՒՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ




Սիրիո՛ւս, երկնից ահեղ անցուոր.
Ո՞ւրկից եկել,
Ո՞ւր ես թեքել,
Ո՞ւր ես ճեպում էդքան հզօր,
Անճառ թափով,
Անծէր ճամբով,
Դարե՜ր, դարեր հազարաւոր:

Սիրիո՛ւս, երկնից շքեղ գոհար,
Որ խաղում ես,
Փաղփաղում ես
Ճերմակ ու բիլ լուսով քո վառ,
Ու զարդարում,
Զըւարթ վառում
Մեր գիշերուան ճակատը մառ.-

Ի՜նչքան աչք է վրադ յառել,
Նայում են քեզ
Հիմա մեզ պէս,
Ի՜նչքան աչք է նայել, մարել,
Եւ կամ ի՜նչքան
Դեռ պիտի գան,
Որ անյայտից կեանք չեն առել:

Ո՜վ առաջինն ասաւ ողջերթ
Քեզ մեր հողից,
Մարդու ցեղից,
Կամ ո՞ւմ աչքում պիտի անհետ
Մի օր հատնի,
Մարի, մթնի
Հրաժեշտի շողըդ յաւէտ...

Բարի ճամբա՜յ, հի՛ւրըդ մեր հին.
Եւ թէ տեսնես՝
Մեզնից էսպէս
Մի հարցում տուր հզօր մահին.
- Մարդու քանի՞
Սերունդ կ'անի
Մի հրաժեշտն աստեղային:



Յովհաննէս Թումանեան

Πέμπτη 4 Οκτωβρίου 2012

ԽԱԲՈՂԻՆ ԽԱԲՈՂ ՈՒ ԿԷՍ




Կարմիր բըբուկ, սեւ սեւ բիտեր,
Լանջքը կանաչ, վըրան կէտեր,
Գըլուխը վեր բռնած, յոխորտ,
Կտկտալով, կտկտալով,
Տան մ' աղբիւսին մէջ խորտուբորտ
Ինք իրմէ գոհ՝ կը ճեմէր վէս
Աքլոր մ' աղուոր ու ոսկեգէս,
Կտկտալով, կտկտալով:
Մէյ մ' ալ նայիս, կամաց-կամաց,
Գըլուխը կախ, սիրտը ցաւ,
Աղուէս մը չոր ոսկոր դարձած՝
Մեր աքլորին մօտեցաւ:

«Բարե՜ւ,- ըսաւ,- ո՜վ դուն, փիւնիկ հաւերու,
Այդ ի՜նչ շընորհք, այդ ի՜նչ պերճանք աչքառու.
Ուրկէ՞ գըտար այդ փետուրներդ արծաթէ,
Որոնց ծայրէն յակինթ, զմրուխտ կը կաթէ:
Բըբուկդ հապա՜, մետաքսէ ծոպ ծիրանի,
Հին քաջերու սաղաւարտին կը նմանի:
Կըտուցդ արդեօք արեւա՞կն է թանկագին,
Որ իր ձայնով բերկրանք կ'ազդէ աշխարհքին:
Ես չեմ ճանչնար թռչուն մ' աղուոր քեզ նման:
Կարապներն իսկ քեզմէ շատ վար կը մնան:
Մէկը միայն կը ճանչնայի, քու հայրդ էր,
Քեզ պէս սիրուն երգովն ըզմեզ կը կարթէր:
Բայց ձիրք մ' ունէր ան, զոր անշուշտ դուն չունիս
(Ինչպէ՜ս մոռնամ տաղանդն անուշ թռչունիս).
Երգած ատեն՝ աչքերը գոց կը կենար.
Այն ի՜նչ ձայն էր, սրի՞նգ, ջութա՞կ, վի՞ն, քընա՞ր:

Աքաղաղին անփորձ տըղան,
Հաւատալով անոր խօսքին,
Փակեց աչքերն ու բարձրաձայն՝
«Կուկուլիկ-կո՜ւ» պոռաց ուժգին:
Աղուէսն իսկոյն վըրայ հասաւ
Եւ խածնելով զայն ըշտապաւ:
Թեթեւ-թեթեւ ու սրընթաց
Շուտ մ' աղբիւսէն փախաւ գընաց:
Բայց հովիւներ դաշտին մէջ շէն,
Նըշմարելով արշաւն անոր խելագար,
Շուներուն հետ ինկան ընդհուպ ետեւէն՝
Բիրերով հաստ ու երկար:

Աքլորն յանկարծ, իր նեղ դիրքին հակառակ,
«Աղուէ՛ս եղբայր,- ըսաւ,- պոռա՜ սա շունին
Եւ սա տխմար հովիւներուն անճարակ
Թէ աքլորէդ իրենք բընաւ մաս չունին»:
Աղուէսն անվախ՝ տատանելով իր ագին,
Բըռնած որսին սիրովն արբշիռ, երջանիկ՝
Բացաւ բերանն, աղաղակեց զայրագին.
«Աքլորն իմս է, պարապ տեղը մի՛ յոգնիք»:
Բայց աքլորը ծառին կատարն էր թըռեր:
Չորքոտանին վեր նայեցաւ խենթի պէս.
Սմքած մընաց. սրտին մէջ բոց կը վառէր:
«Սա խեղճ, ապուշ կենդանիին աներես
Ի՞նչպէս ծուղակն ինկայ ես:
Վա՜յ այն բերնին,- գոչեց լալէն,-
Որ լըռելու տեղ կը խօսի»:
Եւ թռչունն ալ պոռաց վերէն.
«Վա՜յ այն աչքին, որ կ'ըլլայ քուն,
Մինչդեռ մընալ պէտք է արթուն»:



Սիպիլ