Πέμπτη 30 Αυγούστου 2012

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ




Ես ընկել եմ պագշոտ Շամիրամի նետից,
Հին Հռոմն է զարկել ինձ մահացու խոցով,
Իմ արիւնն են ոթել, խառնել Տղմուտ գետին,
Իմ լեզուն են այրել ատրուշանի բոցով:

Խաչ են դաջել կրծքիս բիւզանդական տէգով,
Արաբ նժոյգների սմբակի տակ գցել.
Ինձ խարոյկ են հանել Մոնկոլների ձեռքով,
Սիրտըս օսմանական սըւիններին ցցել:

Ինձ հայրենի մեր տան թխկենուց են կախել,
Եւ հոգիս են բանտել շղթաներով երկաթ,
Ինձ զարկել են, խարկել ու կենդանի թաղել...
Բայց ես դեռ կա՛մ:


Հրաչեայ  Յովհաննիսեան

Τετάρτη 29 Αυγούστου 2012

ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ

        




          Ես այսօր
Ճառագա՜յթ մ' եմ բոսոր...

Աչքերուս, հեշտօրօր,
Այնքա՛ն լոյս ունիմ որ
          Կը ժպտիմ
          Մըտերիմ
          Արեւին...
Ու վարդե՜ր կ'երեւին
          Արեւին
          Ոսկեղէն
          Հոգիէն...

Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ' եմ բոսոր...


Մատթէոս Զարիֆեան

ԱՆՏԱՌՈՒՄ





Անտառում ամպի ծուէններ կային,
Կապոյտ մշուշներ կային անտառում:
Օրօր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:

Շշուկներ կային անտառում այնքա՜ն,
Եւ խոնա՜ւ-խոնա՜ւ բուրմունքներ կային...
Իրար փաթաթուած ստուեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային:

Եղեամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին:
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանըշանին:

Եղնիկի հորթը մամուռը դնչին՝
Թռչում էր իր մօր բառաչի վրայ,
Եւ որսկանը՝ թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա:

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եւ տաք սղոցն իր իւղում էր կրկին,
Տեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալուած կաղնու խուլ հառաչանքին:

Անտառապահի տնակի առաջ
Խարոյկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եւ խարոյկի մօտ եղեւնին կանաչ
Սոճու հետ սիրով զրոյց էր անում...

Անտառում խորին խորհուրդներ կային,
Եւ արձագանգներ կային անտառում,
Օրօր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում:


Համօ Սահեան
1963

ՏԱՐԻՆԵՐ ՅԵՏՈՅ








Տարիներ յետոյ քեզ տեսայ նորից,
Սիրտս արտասուեց բայց ժպտացի ես,
Նոյն աղջիկն էիր՝ չքնաղ բոլորից,
Հոգուս մտերիմ, հարազատ այնպէս:

Աչքերդ մեղմիկ հանգչեցին վրաս,
Ես հպարտ ու վեհ անցայ քո մօտով,
Շուրջս ծածանուեց լուսեղէն երազ,
Եւ ետ նայեցի անզուսպ կարօտով:

Սուտ է, նազելիս, չի զատել երբեք,
Երբէք չի զատել մեզ կեանքը դաժան,
Քոյր իմ, ամոքիր սիրտն իմ վշտաբեկ,
Տես, քոնն եմ, ես միշտ, քոնն եմ յաւիտեան:


Խօսք՝ Աւետիք Իսահակեանի,
 Երաժշտութիւն՝ Վլադիլէն Բալեանի
Կատարում՝ Համլետ Գէորգեանի
 

ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐ






Այգեստաննե՜ր մթին, սաղարթախիտ ու վեհ,
Այգեստաննե՜ր, որոնք կարկամել են, տարուել
Բլուրների վրայ ու բլուրներն ի վեր...
Այգեստաննե՜ր:

Այգեստաննե՜ր յուռթի, ու կատաղի, հզօր,
Բազուկներով կանաչ ու մրգերով դեղին,
Այգեստաննե՜ր, որոնք վարարել են այսօր,
Սպասում են սիրով իրենց հաւաքողին:

Խնկանման խաղող, ու բա՛լ, ու տա՛նձ, ու դե՛ղձ,
Իմաստութիւն աշնան՝ մրգերի պէս հասուն,
Իմ մրգաստա՛ն երկիր, մրգանմա՛ն իմ երգ,
Երգի՛ նման անմահ, երգի նման ասուն...

Առէ՜ք, առէ՜ք երգըս ոսկեբառ ու հզօր,
Այգեստաննե՜ր բերրի, ու ձեր գիրկը տարէ՛ք...
Այգեստաննե՜ր, դո՛ւք, որ վարարել էք այսօր,
Այգեստաննե՜ր...


Գուրգէն Մահարի

ՎԱՍՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ








Ու մանուկներ անօթեւան մօր մը երա՜զն ամուր գրկած,
Զաւկի մը սէրն՝ ափ մը հողի մէջ որոնող մայրեր տխուր,
Հարսեր՝ իրենց բերնին վրայ բերնի մը յո՜ւշն անվերադարձ,
Կոյր բիբերով կեանքին նայող պարմանիներ սրտակըտուր,
Իրենց ձայնին մէջ աղեխարշ ճիչն առ յաւէտ մեկնողներուն,
Գիշերին մէջ քեզ փնտրեցին երկրէ երկիր ու դռնէ դուռ,
     - Խաղաղութի՜ւն...

Գինովի պէս՝ հողին վրայ հազիւ կանգնող խարխուլ պատեր,
Տուներ աւեր, գիւղեր հրկէզ ու քաղաքներ հիւծախտաւոր,
Գուրգուրացող ձեռք մը կանչող արմատախիլ ծառեր անտէր,
Եւ անհամար շիրմաքարեր, իրենց կուրծքին՝ բառեր հզօր,
Երկնքին դէմ կեցած յանկարծ, եղան բողոք եւ ընդվըզում,
Ու անդադար քե՛զ կանչեցին պարապին մէջ անդնդախոր,
     - Խաղաղութի՜ւն...

Բայց բանուորի ձեռքեր հուժկու՝ իրենց մէջ տե՛նդն աշխատանքի,
Հողին վրայ կեա՜նք ակօսող շինականի ձեռքեր անխոնջ,
Բռնութեան դէմ պատնէշ կանգնող հերոսներու ձեռքեր արի,
Ու խաւարէն լոյս յօրինող բանաստեղծի ձեռքեր ըմբոստ,
Նո՛յն պայքարէն, նո՛յն երազէն առած հաւատք ու զօրութիւն,
Քե՛զ կը պարզեն արեւին դէմ, յաղթանակի իբրեւ դրօշ,
     - Խաղաղութի՜ւն...


Գառնիկ Ադդարեան

ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ ԵԱՐ






Հազար նազով եար, հովերի հետ եկ,
Ծաղիկ փնջելով` սարուորի հետ եկ,
Սեւ ձիուս վրայ, ձեր գիւղն եմ եկել,
Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել:

Սարի սիրուն եար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ, ի՞նչ մեխակ, սիրոյ կրակ բեր:

Հազար մի ծաղկի մէջ ես մեծացել,
Ծաղկանց ցոլերով մազերդ թացել,
Մազերիդ բոյրը հեռուից է գալիս,
Զեփիւռը բերում սրտիս է տալիս:

Երբ քո հայացքը երկնին ես յառում,
Վառ աստղերն ասես նոր լոյս են առնում,
Քո ձայնն են առնում հաւք ու հովերը`
Ա՜խ, ե՞րբ կ'առնեմ ես քո մատաղ սէրը:

Սարից է գալիս, էս առուի ջուրը,
Բերում է, եար, քո բոյրն ու համբոյրը:
Աշո՛տ, թէ կարաս քո երգ ու յանգով
 Եարիդ կախարդիր, թող տուն գայ հանդով:


Խօսք՝ Գուսան Աշոտի
Երաժշտութիւն՝ Գուսան Աշոտի
Կատարում՝ Լուսիկ Քոշեանի 

Τρίτη 28 Αυγούστου 2012

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱՐԴԵՐԸ

 
 



Վեց հարիւր տարի սրանից առաջ Պարսկաստանի բանաստեղծ Հաֆիզի փառքը դղրդացնում էր ամբողջ Ասիան: Ճահէլ թէ ահէլ, հարուստ թէ աղքատ՝ բոլորը հիացած էին նրա բանաստեղծութիւններով: Մինչեւ անգամ աշխարհի կէսը նուաճող Լենկթիմուրը հաւանել էր Հաֆիզին: Նա ժամանակ առ ժամանակ ասել էր տալիս Հաֆիզի բանաստեղծութիւններից, եւ մի անգամ, ինչպէս պատմում են, ասաց.

-Ես շատ կ'ուզէի տեսնել այդ Հաֆիզին:

Այս խօսքերն ամենամեծ գովասանքն էին համարւում Հաֆիզի համար, որովհետեւ դրանք արտասանում էր Լենկթիմուրը, որ իր անցած ճանապարհը կրակի պէս այրել խանձել էր, ամէն տեղ մահ էր սփռել, ամէն ինչ ոչնչացրել, աւերակ էր դարձրել:

Սակայն Հաֆիզին չէր հպարտացնում իր փառքը: Նա ապրում էր մի փոքրիկ տան մէջ, Պարսկաստանի Շիրազ քաղաքում, որ կոչւում էր «Պարսկաստանի Վարդ» որովհետեւ, ինչպէս որ վարդը բոլոր ծաղիկներից գեղեցիկ է, այնպէս էլ Շիրազը Պարսկաստանի քաղաքներից ամենալաւն էր: Բանաստեղծի բնակարանը շատ փոքր էր, ունէր միայն երկու լուսամուտ եւ մի փոքրիկ դուռ: Սենեակում կային երկու բազկաթոռ եւ մի սեղան: Հաֆիզը զարդարանք չէր սիրում: Տան արեւելեան պատի երկարութեամբ վարդի թփեր կային տնկուած, որոնք ամբողջ տարին վարդեր էին տալիս:

Հաֆիզն ինքն էր խնամում այդ վարդերը, անուանելով դրանք իր միակ ուրախութիւնը եւ հարստութիւնը:

Մի անգամ լուսաբացին, երբ թռչունները նոր էին սկսել երգել Հաֆիզը վեր կացաւ անկողնից, որպէսզի գիշերուայ մտածած բանաստեղծութիւնը գրի առնի: Յանկարծ պատի ետեւից լսեց ոտների ձայն. լուսամուտից նայեց եւ տեսաւ որ մի աղջիկ քաղում է իր վարդերը: Աղջիկը աղքատ էր հագնուած, բայց ծածկոցի տակից երեւում էր մի գեղեցիկ դէմք՝ կենդանի եւ արտայայտիչ աչքերով:

Աղջիկը հազիւ լինէր տասը-տասներկու տարեկան: Նա շտապով վարդերից մի փունջ կապեց եւ թողեց փախաւ: Հաֆիզի զարմանքին եւ բարկութեանը սահման չկար: Բայց ոչինչ չէր կարելի անել, աղջիկը արդէն ծածկուել էր աչքից: Հաֆիզը վեր առաւ մագաղաթը, որպէսզի բանաստեղծութիւն գրի, սակայն բարկութեան ժամանակ մոռացել էր այն: Մի քանի րոպէ նա նստեց՝ սպասելով ոգեւորութեան, եւ ահա թէ ինչ գրեց.

«Թո՛ղ վարդը իր թփին: Եթէ քաղուի, նա կը մեռնի, եւ դու չես տեսնի նրա գեղեցկութիւնը եւ հոտը չես առնի: Թո՛ղ վարդը իր թփին: Միթէ դու չե՞ս կարող չքաղած հիանալ նրանով: Թո՛ղ վարդը իր թփին: Եթէ չքաղես նրան, քեզ համար կ'ասեն՝ դու իմաստուն ես, դու գթութեամբ լցուած ես, իսկ եթէ քաղես, կ'ասեն որ քո ձեռները վայրագ են, քո սիրտը՝ անողորմ: Թո՛ղ վարդը թփին»:

Միւս առաւօտ Հաֆիզը դարձեալ սպասում էր աղջկան, եւ նա իրեն սպասել չտուեց. եկաւ ինչպէս երէկ, լցրեց իր զամբիւղը վարդով եւ իսկոյն հեռացաւ: Հաֆիզը վեր առաւ իր գաւազանը եւ հետեւեց աղջկան: Մի քանի փողոց անցնելուց յետոյ, նրանք երկուսով դուրս եկան մի հրապարակ, որտեղ եւ շուկան էր: Այստեղ խռնուել էր շատ ժողովուրդ: Աղջիկը մօտենալով մի լաւ հագնուած կնոջ՝ առաջարկեց մի փունջ վարդ: «Գնեցէ՛ք այս վարդերը, սրանք ձեզ պէս գեղեցիկ են»: Կինը վերցրեց փունջը եւ գնից հինգ անգամ աւելի վճարեց:

«Տեսնենք այս փոքրիկ գողը փողերն ի՞նչ է անելու,- ասաց իր մտքում Հաֆիզը:

Աղջիկը մտաւ մի վաճառականի խանութ եւ այնտեղից մի քանի արշին կտոր առաւ. «Հա՛, սա պճնուել է սիրում»,- փնթփնթաց ծեր բանաստեղծը: Իսկ աղջիկը մտել էր արդէն մի ուրիշ խանութ, որտեղ միայն ուտելիքներ էին ծախում: «Ո՛չ, սա պկլիկի մէկն է»,- մտածեց Հաֆիզը: Աղջիկը գնեց մի քանի լաւաշ, մի տապակած աղաւնի եւ շտապով դուրս եկաւ շուկայից: Դուրս գալով շուկայից, մտաւ մի մութ, ծոռումուռ փողոց եւ կանգնելով մի ողորմելի, կիսաւեր տնակի առաջ՝ դուռը բանալ տուեց եւ ներս գնաց: Պատի ճեղքից բանաստեղծը տեսաւ մի պառաւ կին: Նրա շորի կարկատանները կարծես թափւում էին վրայից: Հաֆիզը տեսաւ որ այդտեղ թշուառութեան եւ վշտի բնակարան է: Աղջիկը նստեց պառաւի մօտ:

-Ես քեզ համար հաց եւ միս եմ բերել,- ասաց աղջիկը ցածր ձայնով,- կե՛ր, կազդուրուի՛ր, ապա հանի՛ր վրայիցդ քո հին շորերը, ես քեզ համար նորն եմ բերել:

Աղջիկը տանից դուրս եկաւ թէ չէ, Հաֆիզը նրան կանցնեցրեց եւ քաղցրութեամբ հարցրեց.

-Անունդ ի՞նչ է, փոքրիկ:

-Տոնիա:

-Այդ քո մա՞յրն է:

-Ո՛չ:

-Քո տա՞տն է:

-Ո՛չ, ես այդ պառաւին երեք օր է որ ճանաչում եմ. ես այսքանը գիտեմ որ նա հիւանդ է եւ քաղցածութիւնից համարեա՛ թէ մեռնում է. ահա երկու օր է ես օգնում եմ նրան:

-Դու ինքդ էլ ես աղքատ:

-Ես ոչինչ չունեմ, մինչեւ անգամ ազգական չունեմ. ես ծառայում եմ մի պարանագործի մօտ:

-Բայց դու աղքատներին օգնելու փող որտեղի՞ց ես ճարում.

Աղջիկը շփոթուեց եւ կարմրեց.

-Ինձ համար շատ անյարմար է այդ մասին խօսելը. ես վարդ գողացայ եւ ծախեցի: Ես շատ լաւ գիտեմ որ գողութիւնը լաւ բան չէ, բայց ուզում էի անպատճառ օգնել թշուառ պառաւին: Շատ կարելի է որ իմ գողացած ծաղիկների տէրը ինձ ներէ:

-Այդ ծաղիկները իմս են,- ասաց Հաֆիզը:

Տոնիան վախեցած ուզում էր փախչել, բայց Հաֆիզը նրան պահեց:

Նա ասաց աղջկան որ ներում է նրան, եւ ձեռքից բռնելով բերեց իր տունը: Բանաստեղծը որդեգրեց փոքրիկ Տոնիային: Նրանք միասին ապրեցին մի տան մէջ: Բանաստեղծը կարդում էր իր բանաստեղծութիւնները, իսկ Տոնիան ագահութեամբ լսում էր եւ բոլորը շուտով բերանացի սովորեց:

Յանկարծ մի սարսափելի լուր տարածուեց Պարսկաստանում: Դաժան Լենկթիմուրը մեծաթիւ զօրքով գալիս էր Շիրազի վրայ, եւ գեղեցիկ քաղաքին սպասում էր դառն վիճակ: Դիմադրել՝ ոչ ոքի մտքից չէր անցնում: Շիրազեցիք մահուան էին պատրաստւում: Լենթիմուրը եկաւ եւ կանգ առաւ քաղաքի պարիսպների տակ: Բոլոր քաղաքացիք դիմաւորելու դուրս եկան, որպէսզի փրկութիւն խնդրեն: Մի կողմում կանգնել էին թաթարական մեծաքանակ զօրախմբերը, իսկ միւս կողմում՝ շիրազեցիք:

Նրանց առաջին՝ իր ձիու վրայ հպարտ նստել էր Լենկթիմուրը: Առաջ եկան անուանի քաղաքացիք եւ խնդրեցին Թենկթիմուրին խնայել քաղաքը, հարկ վերցնել, ինչքան որ ցանկութիւնն է: Լենկթիմուրը բարկութեամբ խփեց իր սուրը քարին, որ ընկած էր ձիու ոտների առաջ, եւ ասաց.

-Ինչպէս այս քարը՝ ես խուլ եմ դէպի ձեր խնդիրքը:- Եւ դառնալով դէպի զօրքը, ուզում էր քաղաքը քանդելու հրաման արձակել: Հէնց այդ րոպէին Տոնիան շշնջաց Հաֆիզին.

-Հայրի՛կ, աղաչիր սրան, գուցէ մեղմանայ:

Հաֆիզը եւ աղջիկը առաջ եկան:

-Ո՞վ է այդ ծերունին,- ահեղաբար հարցրեց Լենկթիմուրը:

-Այդ Հաֆիզն է,- պատասխանեց Տոնիան:

Լենկթիմուրի դէմքը մեղմացաւ: Նրա աչքերն այնպէս սպառնալի չէին: Տիրեց մի րոպէաչափ ծանր լռութիւն: Վերջապէս Լենկթիմուրն ասաց.

-Հաֆի՛զ, ես վաղուց էի ուզում քեզ տեսնել: Ամբողջ աշխարհում ես ու դու ենք մեծ. դու՝ քո բանաստեղծութիւններով, ես՝ իմ յաղթութիւններով: Մի բան կարդա՛ ինձ համար:

Այլայլուած բանաստեղծը չէր իմանում ինչ ընտրէր: Այդ ժամանակ Տոնիան շշնջաց.

-«Թո՛ղ վարդը իր թփին...»

Հաֆիզը հասկացաւ աղջկայ միտքը, արիացաւ եւ սկսեց.

«Թո՛ղ վարդը իր թփին: Եթէ քաղուի, նա կը մեռնի, եւ դու չես տեսնի նրա գեղեցկութիւնը եւ հոտը չես առնի: Թո՛ղ վարդը իր թփին: Միթէ դու չե՞ս կարող չքաղած հիանալ նրանով: Թո՛ղ վարդը իր թփին: Եթէ չքաղես, քեզ համար կ'ասեն՝ դու իմաստուն ես, դու ողորմած ես: Բայց  եթէ քաղես, կ'ասեն որ քո ձեռները վայրագ են, քո սիրտը՝ անողորմ: Թո՛ղ վարդը թփին»:

-Բանաստեղծը լռեց...

-Քո բանաստեղծութիւնը ինձ դուր է գալիս, Հաֆի՛զ,- ասաց Լենկթիմուրը:- Բայց քո խորհուրդը ինձ համար չէ. ես նրանցից չեմ, որոնք բաւականութեան համար են վարդ քաղում:

Հաֆիզը բարձրացրեց ձեռքը եւ ցոյց տալով Շիրազը, ասաց.

-Յիշի՛ր, յաղթողդ, որ այս քաղաքը Պարսկաստանի վարդն է:

Լենկթիմուրը շրթունքները կծեց: Նա սկզբում գրգռուած էր երեւում, բայց մի քիչ մտածելուց յետոյ, ձայն տուեց իր զօրքին.

-Մնացէ՛ք այստեղ, գիշերեցէ՛ք քաղաքի պատերի տակ:

Զօրքը քաղաք չմտաւ:

Լենկթիմուրը միայն ինքը մտաւ քաղաք եւ քաղաքն առաւ իր հպատակութեան տակ:

Շիրազը մնաց անվնաս:



Խնկօ-Ապէր

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՏԱՃԱՐ







Ես գունատ ու յոգնած ուխտաւոր
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի.
Անունը չը գիտեմ, ո՛չ նրա տեղը,
Մանուկ օրերից պատկերն է իմ հոգում,
Եւ ականջիս մէջ մի անոյշ զրնգոց.
Այն զանգակների ձայնն է հեռաւոր՝
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի:
Մի աղօթք կայ իմ հոգում,
Որ դեռ երբեք չեմ արտասանել.
Մի արցունք կայ իմ սրտում,
Որ դեռ երբեք չեմ լացել.
Այն աղօթքն ու արցունքն է՝
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի:
Դիւթիչ զանգակների ձայնն ականջիս,
Հայեացքս շեշտ հեռուն դէպ թարթող հորիզոններ՝
Ես ողջ կեանքը քայլել եմ խոպան, փշոտ ճամբաներով,
Ձեռքիս ցուպը մաշուած է ահա,
Կը հասնե՞մ արդեօք...
Ես գունատ ու յոգնած ուխտաւոր
Մի անծանօթ աստուածութեան
Կախարդական Տաճարի:


Աւետիս Ահարոնեան
1926

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ







Ոսկի աշունն է նստեր իմ մոխրացած տան բոլոր,
Ոսկեդեղին տերեւներն նազով թափեր են պարտէզ,
Կ'երգէ առուն ալ դառնիկ՝ դառնակսկիծ երգչի պէս,
Կու լայ ուռին վարսագեղ՝ մենութեան ծոց սգաւոր...

Թխլիկ լաճերն չեն բանար մեր տան դռները ճոռան,
Ու աղջիկներն վարդեդէս՝ ձմրան-տերեւ չեն աւլեր,
Դէզին վրայ խաղողին՝ ճան-ջահէլներն այս գիշեր՝
Ա՛լ չեն պարեր, չեն դառնար ճրագին տակ պըլպըլան:

Մսուրին վրայ խըրխընջան կապոյտ ձիերը ո՞ւր են,
Անոնց գարի ես տուի ու գետին մէջ լոգցուցի...
Սարի գլխին երբ իջան մարուն շողերն Արեւի՝
Թողուցի քեզ, իմ տնակ, որ անուշնաս հեռուէն...

**********

Թող որ հիմա ես յինամ մոխիրներուդ վրայ լամ,
Համբուրեմ հողըդ կրկին, մրկած սրտովս քեզ օրհնեմ,
Օրհնեմ, ինչպէս ծեր պապիկ կ'օրհնէ թոռներն գեղադէմ,
Որ արցունքէս վարդենիք ծլին-ծաղկին անթառամ...

Ոսկի աշունն է նստեր մեր մոխրացած տան բոլոր,
Ոսկեդեղին տերեւներն նազով թափեր են պարտէզ,
Կ'երգէ առուն ալ դառնիկ՝ դառնակսկիծ երգչի պէս,
Կու լայ ուռին վարսագեղ՝ մենութեան ծոց սգաւոր...


Վեսպէր

ՓՈՔՐԻԿ ԼՐԱԳՐԱՎԱՃԱՌ



 



Խարտեաշ մազերո՜վ տղայ, լճակ աչքերո՛վ տղայ,
Ցուրտ է, հազում ես անվերջ, թշուա՛ռ, կը մեռնես հազէդ:
Տոկուն, համարձա՛կ տղայ, եռուն փողոցի՛ տղա՛յ,
Վազիր ու կանչիր ուժգին.- Նոր լո՜ւր, հեռագի՜ր, կազէ՜թ:

Բոպիկ ոտներո՛վ տղայ, առոյգ, կիսամե՛րկ տղայ,
Արագ անցնում ես մայթէն, մայթը թնդում է վազէդ:
Հպարտ, աշխատո՛ղ տղայ, մրի՛, զրկանքի՛ տղայ,
Կանչի՛ր, անցորդին կանչի՛ր.- Նոր լո՜ւր, հեռագի՛ր, կազէ՜թ:

Սիրուն՛, սրիկա՜յ տղայ, անտուն շրջմոլի՛կ տղայ,
Ամէնքը սիրում են քեզ, դիւթուած մանկական նազէդ:
Խայթող ու հեգնո՛ղ տղայ, գգուանք անարգո՛ղ տղայ,
Թռի՛ր, բարձրաձայն կանչիր.- Նոր լո՜ւր, հեռագի՜ր,, կազէ՜թ:

Փոքրիկ տաս տարո՛ւ տղայ, ըմբոստ, մաքառո՛ղ տղայ,
Հոսում է քրտինք ճակտէդ, այտէդ ու փոշոտ մազէդ,
Փողոց քնացո՛ղ տղայ, անկիւն կուչ եկա՛ծ տղայ՛
Կանչի՛ր, քնիդ մէջ կանչիր.- Ցուրտ է, մրսում եմ, կազէթ:


Ազատ Վշտունի

Δευτέρα 27 Αυγούστου 2012

ՏԱՂ ԱՌ ԱՂԹԱՄԱՐ






Ըսէ՜, ըսէ՜, ով անգին ու վիրաւոր Աղթամար: Երգէ քու ծիրանի հեռաւոր փառքդ: Ահա պայծառ ու անարատ ջուրերդ, զորս դուն լացիր չարչարանքի գիշերներուդ, անհունօրէն կ'ադամանդանան, ահա քու անարատ ջուրերդ կը կայծկլտան, մինչ այգուն նորազարթ շողերը ոսկեփոշի կը սրսկեն Սիփանն ի վար, Վարագն ի վեր: Ա՜, լոյսն է, լուսածա՜գն է: Ի՜նչպէս երազային է մեղեդին, զոր թախծաթրթիռ գանգիւնները կը մեներգեն քու պաշտելի կաթողիկէէդ, մինչ ծիծառները քու խորշերուդ մէջ ապաստանած, ահա կ'արթննան, ու աղկիոսնները քու գրգանոյշ ալեակներուդ վրայէն կը սահին, ու ահա ճամբորդ կռունկները՝ քու բարձունքներուդ վրայ գիշերուան մը հանգրուանէն ետք, կը տարագրուին իրենց ցաւակոծ հոգին պտըտցնելու հայրենի այերին ընդմէջէն: Պերճաշուք ու դիցական գիշերէն ետք, ահա լոյսն է, լոյսի փառքն է, ու դո՛ւն, որ ազնուական տրտմութիւնդ կ'արձանացնես, Աղթամա՛ր, երգէ պահ մը քու բիւրեղացած փառքդ:

Բայց վիրաւոր, վիրաւոր ես, գիտեմ, Աղթամար: Դուն կը լռես, եւ քու հեծքերդ, ու քու տանջանքներդ, ու քու գաղտնիքներդ ու մոլեգին ցասումը շղթայակապ լանջքիդ, բոլորը ծովակիդ խորքին կը յանձնես, անոր գաղտնապահ հոգիին մէջ կը թաքցնես: Եւ այն ատեն, անոր համար, ծովակը կը փրփրի, կը զայրանայ ու կը մռնչէ, ու իր ապստամբ հոգին կը պոռթկայ: Եւ այն ատեն դուն ալ, մենաւոր աշտարակիդ ծայրէն սեւ օրերու սուգը կը կախես: Եւ այն ատեն ի՜նչպէս պաշտելի կ'ըլլաս, ա՜յ իմ հայրենի կղզեակ, ա՜յ իմ աւեր աշխարհի լքուած մենարան:



Եւ ահա որ, օ՜, եւ ահա որ դահիճը իր քայքայիչ թաթը քեզի կ'երկարէ, բիրտ ու գազանային հարուածը կը կոփէ քու համբուրելի ճակատիդ, քեզ քանդելու ու մահացնելու, եւ ահա որ քու խարիսխներուդ մէջ կը դղրդաս պահ մը, քու պանծալի քանդակներդ իրենց թանկագին արուեստին մէջ կը դողան, ու պատկառելի պատմութիւնդ իր պատուանդանին վրայ կը սարսռայ վայրկեան մը եւ քու սիրուն դիմագծութիւնդ զահանդագին կերպարանափոխութեան մը մէջէն կ'անցնի: Դահիճն է, քեզի պիտի չքացնէ, քեզի պիտի մոխրացնէ, Աղթամա՜ր: Եւ այն ատեն ո՞ւր պիտի գտնէի քեզ, ա՜յ դու գոհար Բզնունեաց ծովակի:

Դարե՜ր, դարե՜ր, ամպրոպներն իսկ իրենց հրային զայրոյթներուն մէջ խնայեցին քու գգուելի գլուխդ, թէեւ նահատակներուն ձայնը կը լսէիր սարսուռով՝ ջուրերուդ կողերէն, եւ ահաւոր անձկութեամբ կը տեսնէիր ցնորեցնող ոճիրները, ինչպէս կապանքուած մայրը իր առջեւ մորթոտուող զաւակը: Բայց նորէն կը մնայիր հաստատակեաց, վիզդ միշտ բարձր: Եւ հիմա դահիճը եղեռնի իր ծարաւին մէջ արիւնատենչ նայուածքը քեզի կը դարձնէ, իր ժպիրհ թաթը  քեզի կ'երկարէ, որպէսզի քեզ գլխատէ, իր թունաւոր նետը քու միւռոնաբոյր ճակատիդ կ'արձակէ, որպէսզի քեզ սպաննէ:

Ու դո՛ւն, Աղթամա՛ր, այդ եղեռններուն մէջ, ու դահճային հարուածներուն ներքեւ առանձնակեաց ու անձկայրեաց վիրաւորն ես, եւ լուռ տառապագին սպասումիդ մէջ, քու երբեմնի ծիրանի փառքիդ հանդիսաւորութեամբը, մեր հայրենի եղերերգը կը կոթողացնես:


Գեղամ Բարսեղեան

ՀԱՆԴԻՊՈՒՄ




Անյայտ կողմերից անտես թեւերով,
Հրաշքով անոյշ դու վերադարձար,
Շուրջըս փռեցիր քո վիշտը պայծառ,
Գգուեցիր հոգիս տխուր խօսքերով...

Հիւանդ կարօտիս հրաշք-երազում
Թուաց, որ դու էլ թոյլ ես ու վհատ,
Ու դու էլ ես իմ կարօտով հիւանդ,
Որ քո սիրտն էլ է հրաշք երազում...

Պարզեցինք իրար սրտերս տկար,
Եւ չըպահեցինք արցունքներըս տաք,
Մեր տխրութիւնը մեղմ էր եւ յստակ,
Ու շուրջն աշխարհը եւ կար եւ չըկար...


Վահան Տէրեան
1912

ՍՈԽԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ







Սոխակին ասին, թէ ագռաւը չար
Քեզ նախանձից է ծաղրում անդադար.
Իր չար նախանձից
Ծաղրում է ցածից,
Քեզ ինքնամոլ է ասում ու ծաղրում,
Քանզի քո երգն է իր գլխին ճախրում,
Սոխակիդ երգը արծըւի նման,
Ինչո՞ւ չես դու էլ ագռաւին ծաղրում:
-Ի՞նչ ծաղրեմ, ասաց սոխակն աննման,-
Ժամանակ չունեմ, որ յիշեմ նրան,
Համ էլ չգիտե՞ս, որ ընդդէմ դաւին՝
Արհամարհանքս մահ է ագռաւին...


Յովհաննէս Շիրազ

***** (ՄՈՌԱՆԱ՜Լ)







Մոռանա՜լ, մոռանա՜լ ամէն ինչ,
Ամէնքին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափսոսալ-
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցաւի մէջ,
Գիշերում այս անշող
Արդեօք կա՞յ իրիկուայ մոռացման,
Մոռացման ոսկէ շող...
Մի վայրկեան ամէնից հեռանալ,
Ամէնին մոռանալ.-
Խաւարում, ցաւերում քարանալ
Մեն-միայն...
Մոռանալ, մոռանալ ամէն ինչ,
Ամէնին մոռանալ.
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
Հեռանա՜լ...


Վահան Տէրեան
1908

***** (ԵՐԱԶ ՏԵՍԱՅ)







Երազ տեսայ. Սայեաթ-Նովէն մօտըս էկաւ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջըրած թասը ձեռին,
Նստեց, անոյշ երգեր ասաւ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպէս ասաւ, ասես ունէր երկնքի ալմասը ձեռին:

Ու էն երգին օրօր-շորոր, ինչպէս հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մէջ գոզալն էկաւ՝ ինքն էլ վառման քաղցըր երազ.
Նազանք արաւ, Սայեաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դէմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայեաթ-Նովէն, ամպի նման տխուր մնաց.
Ասաւ՝ Չարե՜նց, էս գոզալից սրտիս մէ հին մրմուռ մնաց.
Սիրտըս վառուեց, մոխիր դարձաւ՝ ինքը կրակ ու հուր մնաց.-
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գայ՝ օսկէ մազը ձեռին:

Էսպէս ասաւ Սայեաթ-Նովէն ու վեր կացաւ, որպէս գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սէր.
Երազն անցաւ- դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսէ,
Մէկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայեաթ-Նովի սազը ձեռին:


Խօսք՝ Եղիշէ Չարենցի
Երաժշտութիւն՝ Սասուն Պասկեւիչեանի
Կատարում՝ Ֆլորա Մարտիրոսեանի 

ԱՐԱԳԻԼՆԵՐԸ







Դուք ինձ չ՞էք ասի, որբացած բներ,
Ի՞նչ էին խօսում իրար ականջի
Արագիլները չըւելուց առաջ:
- Տառապում էին:

Դուք ինձ չ՞էք ասի, աստղեր ու արեւ,
Ի՞նչ էին խօսում իրար ականջի
Արագիլները չըւելու պահին:
-Տագնապում էին:

Դու ինձ չ՞ես ասի, անձըմեռ հեռու,
Ի՞նչ էին խօսում իրար ականջի
Արագիլները չըւելուց յետոյ:
-Կարօտում էին:

Անքուն եղէգներ անձըմեռ հեռուի,
Ի՞նչ էին խօսում արագիլները
Չեզ «մնաք բարով» ասելուց առաջ:
- Շտապում էին:

Բուք արտաշնչող լեռնագագաթներ,
Ի՞նչ էին խօսում յոգնած ու մրսած
Արագիլները ետ գալու պահին:
- Հաւատում էին:


Խօսք՝ Համօ Սահեանի
Երաժշտութիւն՝ Սասուն Պասկեւիչեանի
Կատարում՝ Լեյլա Սարիբեկեանի

Κυριακή 26 Αυγούστου 2012

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ






Ինձնից նամակներ դու մի յուսայ,
Անշնորհք եմ ես նամակներում.
Բառերս այնտեղ գորշ են ու սառ,
Կարծես ուրիշն է իմ տեղ գրում:

Ես վախենում եմ բացուել այնտեղ,
Ես վախենում եմ քնքոյշ խօսքից.
Քաշւում եմ լինել յորդ ու անկեղծ,
Ամաչում եմ իմ տառապանքից:

Եւ,- ո՛վ քերթութեան վերին խորհուրդ,-
Ա՛յն, ինչ քաշւում եմ ասել մէկի՛ն,
Ազատ բացո՜ւմ եմ իմ երգերում՝
Ի լուր աշխարհին ու ամէնքին:


Սիլվա Կապուտիկեան
1970

Σάββατο 25 Αυγούστου 2012

ՃԱՆԱՊԱՐՀ







Կիզել է քո հոգին հիմա
Մի կէսօր՝ բռնկուած բոցով,
Ամէն ինչ թւում է ահա
Երգերի, յոյզերի մի ծով:

Ելնում ես ճանապարհ եւ դո՛ւ
Համարձակ ու այնպէ՜ս սրտբաց,
Հարկաւոր է նաւե՜լ անդուլ՝
Երգերդ՝ առագա՜ստ պարզած:

Սիրում ես փոթորկոտ երթն այս,
Եւ ճի՛գը տքնաջան դարու,
Օրերը չե՛ն թւում անհաս,
Չի՛ թւում գալիքը հեռու:


Անդրանիկ Թէրզեան

Παρασκευή 24 Αυγούστου 2012

ԱՌԱՒՕՏ





Արեւն իր ոսկէ հովհարն է բացում
Երկնքի կապոյտ երեսի վրայ,
Սեւանից հովն է պոկւում, թեւածում
Մինչեւ Երեւան:

Կաքաւն է սիգում թփերում խոնաւ,
Մեղուն է արբում վարսանդում վարդի,
Ու Նորքի վրայ թեքւում է խոնարհ
Նազելի բարտին:

Ծիծեռնակները՝ կտցած արեւի
Շողերը մէկ-մէկ ներքեւ են բերում,
Նուիրում խռով բարեկամներին,
Հաշտութիւն սփռում:

Աչքերն են բացում բողբոջ ու մանուկ՝
Արեւածագի խնդումն աւետում.
Մեծ առաւօտ է իմ Հայաստանում
Գիշերից յետոյ:


Հրաչեայ Յովհաննիսեան

ՎԵՐՅՈՒՇ







Երազի նման յիշում եմ առուն.
Նստել էինք մենք կանաչ եզերքին,
Մեր շուրջը ծաղիկ, մեր շուրջը գարուն՝
Ունկնդրում էինք ջրերի երգին:

Եւ նայում էր մեզ լուսինը անքուն,
Եւ հսկում էին աստղերը կարծես,
Եւ թւում էր թէ ծառերը թաքուն
Իրար փարուելով օրհնում էին մեզ:

Ու զեփիւռն ուրախ լսում էր կամաց
Մեր սիրոյ հանդարտ շշուկներն անվերջ,
Որ հանգչում էին մինչեւ լուսաբաց
Արծաթ ջրերի ալիքների մէջ:

Երազի նման յիշում եմ առուն.
Մենք նստել էինք կանաչ եզերքին,
Մեր շուրջը ծաղիկ, մեր շուրջը գարուն՝
Ունկնդրում էինք ջրերի երգին:


Գեղամ Սարեան

ԳԵՐԱԳՈՅՆ ՆԵՐՈՒՄԸ







Ա.

-Ծխախո՜տ, սիկարէթի թուղթե՜ր, լուցկի՜...

Հիմա հազիւ տասներկու տարեկան կար Ռափիկ: Երկու տարի առաջ մեծ հայրը բռներ էր թեւէն ու հաներ դպրոցէն դուրս՝ սա պէս տրամաբանելով.

-Ծօ, ուսմունքը դրամ չի վաստկիր, հացերնուս փարան հանելու նայինք. ա՛ռ սա տուփը:

Ու Ռամիկ կէս մեթր երկայնութեամբ, քառորդ մեթր լայնութեամբ եւ հինգ մատ բարձրութեամբ տուփ մըն էր կախեր ճիտէն վար, որուն մէջ կային ծխախոտի զանազան մեծութեամբ տուփեր, սիկարէթի թուղթեր, լուցկիի տուփեր, զոր պարտաւոր էր ամառ թէ ձմեռ՝ փողոցէ փողոց պտըտցնել, իր մանկային սուր, կերկերահունչ ձայնովը.

-Ծխախո՜տ, սիկարէթի թուղթե՜ր, լուցկի՜...

Բ.

Մեծ հայր ու թոռ կ'ապրէին խարխուլ ու խոնաւ սենեակի մը մէջ, որ փլփլած տունի մը գետնայարկն էր, աղտոտ, գիշեր թէ ցերէկ՝ կէս մը մութ:

Մութը կը կոխէր, Նոյեմբերի մութը: Հաճի Մարտիրոս հաներ էր ակնոցը ու փողոցը կը դիտէր, երբեմն քիթին տակէն մռմռալով.

-Աս լակոտը ո՞ւր մնաց. ա՜խ, այս անգամ ալ եթէ պակա՜ս ելլէ... Ու ձեռքը տարաւ անթացուպին:

Երբ Ռամիկ ներս մտաւ վախվխելով, ծերունին սկսաւ համրել տուփերը:

-Ծախածներուդ փարա՜ն,- ըսաւ ան:

Ռափիկ տուաւ գրպանին մէջ ունեցած բոլոր դրամը: Ծերունին հաշուեց: Յանկարծ սոսկալի շարժում մը տեղի ունեցաւ, անգութ ու սրտաճմլիկ բան մը: Հաճի Մարտիրոս տեղը չէր: Հիմա անոր բարձր հասակը կը ցցուէր սենեակի մէջտեղ: Աչքերը կրակ էին կտրեր եւ ահարկու անթացուպը կ'ելլէր, կ'իջնէր անխնայ՝ ամէն էջքին չոր աղմուկ մը եւ սրտակտուր ճիչ մը հանելով:

Հաճի Մարտիրոս կը ծեծէր իր թոռը: Կը պակսէին տուփ մը լուցկի եւ տուփ մը ծխախոտ: Չարաճճի ստահակը զանոնք ծախած ու պտուղ գնած ըլլալու էր: Առաջին անգամ չէր ասիկա: Երկու-երեք օրը անգամ մը Ռափիկ կը գործէր այս յանցանքը եւ բնաւ չէր ուղղուեր կերած ծեծերէն:

Յետոյ խոնջէնքը կու գար կասեցնելու Հաճի Մարտիրոսին ձեռքերը: Իսկ Ռափիկ, հարուածներէն խորտակուած, կը պառկէր երեսի վրայ՝ ցաւագին հծծիւններ արձակելով:

Գ

Տարիներ անցան: Մեռած էր մեծ հայրը, ու հիմա Ռափիկ ձուկ կը ծախէր: Շէնշող երիտասարդ մըն էր դարձեր՝ գործը շտկած, քսակը լեցուն: Բայց երբեմն, առանձին գտնուած ատենը կը յիշէր իր մանկութեան զարհուրելի օրերը, աչքին առջեւ կու գար մեծ հայրիկին դաժան, ահարկու դէմքը եւ մանաւանդ այն հրէ՛շ անթացուպը, որ կը կործանէր իր մարմինը: Կը մտածէր թէ ինչո՛ւ կը պակսէին իր տուփին լուցկիները: Իր կարշնեղ ձեռքերը մոլեգին կը գոցէր ու կ'ուզէր իր դիմացը տեսնել վատ արարածը, որ այդ անգթութիւնը կ'ընէր իրեն: Պիտի բզկտէր զայն: Պիտի բզկտէ՜ր...

Դ

Ցերեկ մըն էր, աշնան սկիզբը: Ռափիկ ետ կը դառնար ձուկերուն մեծ մասը ծախած, սիրտը գոհ եւ ուրախ: Փողոցէ մը անցած պահուն, տունէ մը կանչեցին զինք: Կեցաւ: Արցունքոտ աչքերով կին մը, գլուխը պատուհանէն երկարելով, ըսաւ.

-Ռափիկ, տղա՛ս, քիչ մը վեր կու գա՞ս, զաւակս կ'ուզէ քեզ:

-Շա՛տ աղէկ, գամ,- հաւանեցաւ Ռափիկ:

Երբ վերնայարկը բարձրացաւ, տխուր պատկեր մը պարզուեցաւ իր աչքերուն: Մահճակալի վրայ պառկած էր կմախացած, մահամերձ երիտասարդ մը: Սնարին կողմը, աթոռի մը վրայ նստած էր քահանայ մը, որ կը մռլտար հոգեվարքներուն աղօթքը:

-Գարեգի՛ն, տղա՛ս, ահա՛ Ռափիկը,- ըսաւ կինը:

Հիւանդը ցնցուեցաւ ամբողջ մարմնով: Սփոփանքի լայն հառաչ մը արձակեց կոկորդէն. գլխով նշան մը ըրաւ ձկնորսին, որ մօտենայ: Ռափիկ մօտեցաւ զարմացած:

-Ռափի՛կ, ճանչցար զիս,- շշնջաց հիւանդը:

-Չէ՛:

-Սա... գիտե՞ս... պզտիկութեանդ լուցկի կը ծախէիր... ցերեկները մէկտեղ կը խաղայինք...

-Ծօ՜, հա՛, Գարեգինը... վա՜յ խեղճ տղայ... այդ ի՞նչ ես եղեր:

-Պիտի մեռնիմ... բայց մեռնելէս առաջ ներէ՛ ինծի... ներէ՛...

-Ի՞նչ ես ըրեր որ ներեմ:

-Տուփին մէջէն ծխախոտ... թուղթ... լուցկի գողցողը ե՛ս էի:

Մռնչիւն մը արձակելով ետ նետուեցաւ Ռափիկ՝ դէմքն ահռելի կերպով այլայլած, տժգոյն, դողահար.

-Վա՜յ, դուն էիր հա՞... անօրէ՛ն...

Ու փայլակի արագութեամբ յիշեց իր ամբողջ տառապագին մանկութիւնը, թշուառութիւնը, չարչարանքները, ծեծերը, վերջապէս ամէն բան, որոնց միակ պատճառը այդ մահամերձ հիւանդն էր: Ռափիկ վեր առաւ իր ահարկու բռունցքը՝ մէկ հարուածով ջախջախելու համար այդ անխիղճ արարածը: Բայց սպիտակամօրուս քահանան պաղատական շարժումով մը արգիլեց զինք:

Հիւծախտաւորը, մահճակալին վրայ իր կռնակին փռուած, կը շարժէր կզակը.

-Ներէ՜... ներէ՜... ներէ՜...

Ի՞նչ եղաւ, ի՞նչ զգաց Ռափիկ: Վար ինկան իր հուժկու բազուկները, դէմքին ահարկու արտայայտութիւնը փոխուեցաւ արգահատանքի, թացութիւն մը շողաց աչքերու մէջ:

-Ներեցի՛, աղբա՛րս, ներեցի՛,- ըսաւ ու խենթի պէս դուրս վազեց սենեակին դուռնէն, արագաբար վար իջաւ, փողոց նետուեցաւ՝ իր ահռելի տագնապին մէջ սա հին, վաղեմի բացագանչութիւնը արձակելով.

-Ծխախո՜տ, սիկարէթի թուղթե՜ր, լուցկի՜...

Դրացիները, որոնք պատուհանն էին, շատ խնդացին Ռափիկի այս անոյշ կատակին վրայ:



Երուխան
 

Παρασκευή 17 Αυγούστου 2012

ՀԱՅՐՍ







Կը գար հայրս Շիրակի հովերի հետ իրիկուայ,
Կը շողշողար բահն ուսին՝ սարից ելնող լուսնի պէս,
Կը գար հայրս, կը յիշեմ, երազի պէս երէկուայ
Կարծես աշխարհն էր մտնում մեր խրճիթի դռնով ներս...

Կը գար բոլոր Շիրակի պոստանների բոյրերով,
Կը շողշողար բահն ուսին՝ մեր տան ոսկէ լոյսի պէս,
Եւ ինձ կ'առնէր ուսերին, ու խրճիթում զնգալով
Իմ թոթովանքն էր թռչում՝ հա՜յրիկ, պոստան կը տանե՞ս:

Պոստաններից կը գար տուն, բերելով բոյրը հողի,
Ու ես գիրկը կ'ընկնէի՝ կը շնչէի ողջ գիշեր
Համեմների մարգերը թարխունի,-
Մանուկ սիրտըս հեքիաթի դրախտներում կը շրջէր:

Կը գար հայրըս ու բոյրով դաշտերը մեզ կը բերէր,
Էլ չէի մօրս հաւատայ, թէ ա՜խ, չունենք մենք պոստան,-
Թէ ուրիշի ջրուորն էր ամպի նման հայրս ծեր,-
Կը գար հայրս, կը յիշե՜մ, ու մանկան պէս դեռ կու լամ:


Յովհաննէս Շիրազ

***** (ՍԻ՛ՐՏ ԻՄ, ՍՊԱՍԻ՛Ր)




Սի՛րտ իմ, սպասի՛ր, գուցէ արշալոյս
Ողջունէ երկինք, գուցէ մանուշակ
Շա՛ղ տայ բիւրեղներ, գուցէ մի նոր լոյս
Հալածէ մութը, գուցէ յաղթանակ
Տանիս կռուի մէջ- մի՛ յուսահատուիր.
Ապրի՛ր մինչ կայ կեանք, մինչ նորոգ յոյսի
Կախարդ հորիզոն... Սի՛րտ իմ վշտակի՛ր,
Ինչո՞ւ ես հեծում, մի՞թէ ամեհի
Օձն է ճնշում քեզ- կասկածը անյոյս,
Ձանձրոյթը դաժան... մի՞թէ խորտակուեց
Սէրը սրբազան- երկինքը հոգուս...
-Տանջուի՛ր, յուսա՛...


Աւետիք Իսահակեան
1891

ԼԵՌՆԵՐ ՀԱՅՐԵՆԻ





Ա՛խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կարօտել եմ ձեզ,
Սիգապա՛նծ լեռներ հայոց աշխարհի,
Վազել եմ, յոգնել ձեր լանջերում ես,
Իմ լեռնե՛ր, լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի:

Ձեր գագաթներից ամպերն են սահել
Ինչպէս ձորն իջնող հօտը գառների,
Կ'ուզէի հիմա ձեր գրկում լինել,
Եւ փարուել ձեզ հետ, լեռնե՛ր հայրենի:

Զմրուխտեա՛ լեռներ, սիրտս ձեզ թողի
Ու ինձ հետ տարայ բոյրը վարդերի.
Իմ երակներում ուժն է մայր հողի,
Իմ լեռնե՛ր, լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի:



Խօսք՝ Վահան Արամունիի
Երաժշտութիւն՝ Արամ Մերանգուլեանի
Կատարում՝ Յովհաննէս Բադալեանի

ԲԱՐՁՐԻՑ




Իմ բարի սրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
Կամեցաւ՝ ելաւ իմ հզօր հոգին,
Որ բարձրից նայի Աստուծոյ աշխարհքին:

Ու պայծառ ցոլաց դէպ վերին այեր՝
Մարդկային ամէն հնարքներից վեր,
Վե՜ր ամէն շուքից եւ շամանդաղից՝
Մինչեւ լուսեղէն ոլորտն անթախիծ:

Ու իր հարազատ բարձունքիցը լոյս՝
Անչար, անաչառ, անդորր ու անյոյզ՝
Պարզ, ամենատես հայեացքովը նա
Ճառագեց ներքեւ՝ աշխարհքի վրայ:

Տեսաւ աշխարհքը՝ գեղեցի՜կ, անվե՜րջ,
Եւ հայրենիքներն անձուկ նրա մէջ,
Եւ աստուածները նրանց զանազան,
Եւ սուրբերը խիստ, խտրող ու դաժան:

Տեսաւ՝ ուտում են ամէնքն ամէնքին.
Ամէն հայրենիք՝ իրեն զաւակին,
Եւ իր պաշտողին՝ ամէն մի աստուած,
Եւ կեանքը տանջանք, ցաւ համատարած:

Ու ոչ մի երկիր չկայ հանգչելու-
Խոր, արարչական հանգիստն անխռով,
Ու ոչ մի անկիւն չկայ շնչելու
Շունչն աստուածային՝ լի անվերջ սիրով...

Անպատում վշտով վերստին նայեց
Իմ էս մեծ սրտին՝ աշխարհքից էլ մեծ,
Անսահմա՜ն աշխարհք, եւ սէր ընդհանուր,
Եւ մարդը ուրախ, եւ երգ ամէնուր...

Ու իջաւ նորից էնտեղ հանգչելու-
Խոր, արարչական հանգիստն անխռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շնչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով...


Յովհաննէս Թումանեան 

ՇԻՆԱԿԱՆԻ ԱՌԱՒՕՏԵԱՆ ԵՐԳԸ






Ա՜յ մարդ, այսօր շատ քընեցար ննջեցիր,
Առաւօտեան հով ժամանակն անցուցիր.
Արեգակը ծովի ծայրէն ծագեցաւ,
Ջերմութիւնը ձորն ու դաշտը փռուեցաւ:

Ընկերներդ վաղ արտերը գնացին,
Ցորեն, գարին, գերանդիով հնձեցին,
Խուրձ կապեցին, բարդ բարդեցին դաշտումը,
Նըստան հանգչիլ կաղնիներու հովումը:

Ա՜ մարդ, վեր կաց, սառը ջրով լուացուի՛ր,
Գօտիդ կապէ, գերանդիդ ա՛ռ, դաշտ հասի՛ր,
Քանի ծով է՝ հունձըդ արա՛ արտումըդ,
Հունձըդ հընձէ, մի՛ ծուլանար գործումըդ:

Խուրձըդ կապէ, բարդըդ բարդէ, տուն արի,
Հանգստացիր երբ քո հունձըդ կատարի.
Բե՛ր գերանդիդ կախէ պատէն քո տանը,
Ես իրիկուն կը պատրաստեմ սեղանը:

Ա՜յ մարդ, հերիք ինչ որ այսօր քնեցար,
Աչքըդ մէկ բա՛ց, տես թէ որչափ ուշացար.
Մեր դրացին վաղ անց կացաւ կամուրջէն,
Վաղ լռել է մեր գզիրը ձայնելէն:

Ի՞նչ ես պառկել, ի՞նչ ես քնել սիրական,
Արեգական շողը հասաւ մեր դրան.
Մի ծուլանար, ժամանակըդ խնայէ,
Այն պիտի մեզ բոլոր ձմեռը կերակրէ:


Ռափայէլ Պատկանեան

Πέμπτη 16 Αυγούστου 2012

ՓՈՂՈՑԻ ԵՐԳԸ




Պատուհանիս տակ լալիս է կրկին
Թափառիկ երգչի երգը ցաւագին,-
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,
Կարծես թէ ես եմ այդ երգը հիւսել,
Կարծես թէ ես եմ լալիս այդ երգում,
Կարծես թէ քեզ եմ կարօտով երգում:


Վահան ՏԷրեան
1909

ԳԻՒՂԻՍ ՃԱՄԲԱՆ





Կեանքի նաւակն հետք չթողուց իր ետին,
Մոռացումը առաւ ինձմէ ամէն բան,
Հին երազներս ամպերու պէս կ'անհետին,
Յիշատակն ալ կ'անցնի երգի մը նման...

*****

Հոգիս սակայն կը յիշէ՛ քեզ,
Քե՛զ, ծաղկաւէտ գիւղի՛ս ճամբան,
Ուր քալէինք գառնուկս ու ես
Դէպի պուրակն ու բուրաստան,
Անմեղութեան երազին պէս:

Ու քովիկէդ դողդողագին
Սահէր աղուոր, վճիտ առուն,
Մե՛րթ կամուրջին, եւ մե՛րթ մարգին
Տակ պահուելով՝ կ'երթար հեռուն,
Ամայութեան իբրեւ ոգին:

Բարակ, նիհար քանի մը ճիւղ
Կը զատուէին վըտիտ բունէդ,
Մին կը դիմէր դէպ' անշուք գիւղ,
Կը տարածուէր, կ'ըլլար անհետ,
Բոլորելով խրճիթն ու հիւղ:

Մին կը մագըլցէր բլուրն ի վեր
Միւսը կ'իջնէր ձորակէն վար,
Ուր ռւռենին կու տար ստուեր,
Ու սրինգն իր երգը կու լար,
Զոր կրկնէի՛ն գարնան հովեր:

Ձմեռն ալ, երբ ձիւնն սպիտակ
Կը գտնէր մեզ շուրջ թոնիրին,
Անհետ կ'ընէր իր ծալքին տակ
Մեր հին գիւղին վտիտ ուղին,
Ինչպէս մարգերն ու մանիշակ:

*****

Տաշուած քարէ ուղիղ ճամբան
Կը տանի զիս արդ ի ծովափ,
Կը ճմլըուի՛ հոգիս սակայն,
Մտածումով մը հրատապ,
Ու կը թռչիմ հին մանկութեան:

Հոն փակ թէեւ, սակայն աղուոր
Ու երփնագեղ էր հորիզոն,
Հմայքներով լի բիւրաւոր
Անմեղութիւն կը խայտար հոն՝
Ճամբուն վրայ ոլոր-մոլոր:

Մին կը մագըլցէր բլուրն ի վեր,
Միւսը կ'իջնէր ձորակէն վար,
Ուր ռւռենին կու տար ստուեր,
Սրինգն իր երգը կու լար,
Զոր կրկնէի՛ն գարնան հովեր:

Կեանքի նաւակն հետք չթողուց իր ետին,
Մոռացումը առաւ ինձմէ ամէն բան,
Հին երազներս ամպերու պէս կ'անհետին,
Յիշատակն ալ կ'անցնի երգի մը նման...


Ռուբէն Որբերեան

ԵՐԱԶ ՈՒ ԿԵԱՆՔ



Ես չգտայ կեանքին մէջ,
Իր էջերուն մէջ հազար՝
Ճաճանչաւոր ոչ մէկ էջ
Իմ երազիս հաւասար...

Ես չկրցայ երազէս
Ապրիլ ոչ իսկ տող մ' երբեք.
Խաւարին մէջ կ'երթամ ես
Այս մտածմամբ սրտաբեկ...

Երազն ինչպէ՞ս կը ծնի,
Այնքան աղուոր, լուսաւոր,
Կեանքի մութէն դժպըհի...

Բայց չէ՞ արդեոք կեանքն անոր՝
Երազին ծնունդն անկատար,
Զայն չգտնող, խնդրո՜ղ յար...


Վահան Թէքէեան

ԳԻՇԵՐՆ ԻՋԱՒ




Գիշերն իջաւ անամպ, անհուն,
Բիւր բիւրեղէն ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
-Ա՜խ, ապրելո՜ւ երջանկութիւն...

Կ'անէանայ նաւն հեռակայ,
Լիճն երազ մ' է, կայ ու չկայ.
Ջուրի շշունջն է լոկ վըկայ,
-Շշնջելո՜ւ երջանկութիւն...

Վերն հազար աստղ, վարն հազար լոյս,
Կիսաստուերին մէջ հոգեյոյզ,
Կը խօսակցին քար, վըտակ, բոյս.
-Ա՜խ, իրերո՜ւ երջանկութիւն...

Ու կը ձայնէ մատուռն յստակ.
-Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրութեան մէջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկութիւն...


Ռուբէն Սեւակ

ՎԵՐԵԼՔ




Հասա՜յ, հասա՜յ, հոգիիս հետ,
Ոսկի դուռներն անհունին.
Մտածումներըս կը տժգունին,
Կ'ըլլան յոյզե՛րս իսկ անհետ...

Այս ի՛նչ գիշեր է տարօրէն...
Այս ի՛նչ երկինք ու աստղեր...
Կարծես մարմինս եմ ալ թաղեր
Ու կը փախչի՛մ դաշտերէն...

Կը ծընրադրե՛մ քեզի, ո՜վ Սէր,
Դո՛ն բերիր զիս մինչեւ հոս.
Առաջ անդո՜ւնդըն էր ու քաոս.
Հիմա աստղե՜ր ու աստղե՜ր...


Մատթէոս Զարիֆեան