Πέμπτη 28 Ιουλίου 2011

ՊԱԽՐԱ




Մեր մով սարերում, ամրան առաւօտ
Մի պախրա տեսայ կաթնաղբիւրի մօտ.
Իջել էր ձորը մթին անտառից
Ու ջուր էր խմում զուլալ աղբիւրից:

Իրեն տեսել էր ջրի հայելում,
Սարերի անուշ բոյրն էր վայելում.
Արդեօք խմո՞ւմ էր, թէ համբուրում էր,
Իր տեսքով տարուած գուցէ հարբում էր:

Ասի՝ այ պախրա, մեր այս լեռներում
Ես եար եմ կորցրել, նա չի երեւում.
Իջել էր ձորը՝ մեղմիկ նազերով.
Գառնուկների հետ ջրին վազելով:

Ասի Աշոտն եմ, աղաչում եմ քեզ,
Իմ կորած եարից, թէ խաբար բերես
Ոչ մի որսկանի գնդակ չի առնի՝
Ո՛չ քո ձագերին, ո՛չ քո սիրածին:


Խօսք՝ Գուսան Աշոտի
Երաժշտութիւն՝ Գուսան Աշոտի
Կատարում՝ Յովհաննէս Պատալեանի

ՍԻՐՈՅ ԵՐԳ



Թէ ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ,
Ինչո՞ւ է ձմեռն այսքան գարո՜ւն,
Ձմրան արեւը՝ այսքան այրո՜ւմ,
Անխօս երկինքը՝ այսքան անհո՜ւն,
Թէ ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ:

Թէ դու չես սիրում, չես սիրում ինձ,
Հապա ինչո՞ւ են ձեր փողոցում
Այդքան սիրո՜վ ինձ ճամբայ բացում
Անցորդներ, տներ մայթեր ու ձիւն,
Թէ դու չես սիրում, չես սիրում ինձ:

Ու թէ չենք սիրում մենք իրարու,
Ինչո՞ւ են աստղերն այսքան անթիւ,
Այսքան գեղեցի՜կ գիշեր ու տիւ,
Աշխարհը՝ այսքան հա՜շտ ու ազնիւ,
Եթէ չենք սիրում մենք իրարու...


Սիլվա Կապուտիկեան

ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԴ





Գալիս եմ դուռդ իբրեւ մերկ աղքատ,
Մի՛ լինիր անսիրտ, եղի՛ր գթառատ,
Ողորմած էիր, ինչո՞ւ քարացար,
Խղճով ու սրտով մի՞թէ կուրացար:

Մէջս կեանք չմնաց,
Հալուեց, մաշուեց, գնաց,
Առանց քեզ չի փայլի
Աստղը իմ կենաց:

Սիրոյ գեհէնում այրւում եմ արդէն,
Դժուար է զատուել քեզ նման վարդէն,
Ծնուեցիր, եկար լոյս, ազատ աշխարհ,
Հասի՛ր, ինձ փրկէ՛, դարձի՛ր բարերար:


Դուն հրեշտակ ես, չքնաղ դիցուհի,
Բոլոր սիրունաց սիրուն թագուհի,
Քեզ պիտի երգեմ, եա՛ր,քեզ յաւիտեան,
Մինչեւ քո ձեռքով ղրկես գերեզման:



Խօսք՝ Աշուղ Շերամի
Երաժշտութիւն՝ Աշուղ Շերամի
Կատարում՝ Նունէ Եսայեանի

Τετάρτη 27 Ιουλίου 2011

ԵՐԲ ԽԱՆԴՈՒՄ ԵՍ



Երբ միամիտ մէկին նայեմ,
Նա էլ ժպտայ ինձ,
Իսկոյն դէմքդ նուրբ ու ջահել
Կը շիկնի խանդից:

Հաւատայ ինձ, չեմ նեղանում,
Ժպտում եմ քեզ մեղմ ու ջինջ,
Ախր շատ ես գեղեցկանում,
Երբ խանդում ես ինձ:

Առանց փշի վարդ չի լինում,
Առանց խանդի` սէր,
Ինչ էլ լինի քեզ եմ սիրում,
Ում էլ որ տեսնեմ:

Խանդն էլ է սէր, սիրոյ նշան,
Բայց մաշում է մեզ թաքուն,
Եկ մեր սէրը, ինչպէս նշխար,
Միշտ պահենք մաքուր:


Խօսք՝ Գարիկ Բանդուրեանի
Երաժշտութիւն՝ Խաչատուր Աւետիսեանի
Կատարում՝ Արսէն Ալչանգեանի

ՍԻՐԱՁԱՅՆ ՀԾԾԻՒՆՆԵՐ




Տո՛ւր համբոյրիս խանդոտ՝ շրթունքըդ բուստէ
Հուրի՜ աննիւթ, փաղփուն ծաղիկ երազի,
Ըսպասումի հովէն տենչըս կը մսի՜,
Ա՜հ, քու սիրոյդ ջերմութիւնով զիս պատէ:

Կոյս գրկիս մէջ նետէ գըլուխըդ չքնաղ.
Ջինջ նայուածքի զոյգ եթերներդ ինծի՜ տուր,
Ցանէ հոգւոյս մէջ սիրակայծ սրտիդ հուր
Եւ հնչեցուր առջի սիրոյն հոն թակաղ:

Սեւ սաթի գոյն վարսերուդ թովքը բոլոր,
Ու ծաղկալից հոգւոյդ շունչը վարդաբոյր,
Լեցուր գրկիս, լեցուր սրտիս մէջ թափուր,
Թո՛ղ գգուանքիդ ըմպեմ հեշտանքն անսովոր:

Ա՜լ կը հաշմէ հոգիս պաշտումն իտէալ.
Լոկ հեռուէն ժպտող քու սէրդ ալ չունի
Ինծի համար իրեն թովանքն երբեմնի.
Եկո՛ւր, մօտէն զիս սիրովըդ պատէ ալ:


Միսաք Մեծարենց

ՓՆՏՌՈՒՄ ԵՍ ԴՈՒ



Փնտռում ես դու ինչ-որ յանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կայ ինչ-որ մի կարեկցանք
Քո հէգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիւ ու վէճ,
Բայց կայ ինչ-որ մի քաղցրութիւն
Քո դառնագին խօսքերի մէջ:

Ախ, յօնքերդ ես յաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպէս մռայլ,
Բայց կայ ինչ-որ մի քնքշութիւն
Քո անողոք դէմքի վրայ:

Յաճախ այնպէս խայթում ես դու,
Սրտիս այնպէս վիշտ ես բերում,
Բայց կայ ինչ-որ մտերմութիւն
Քո այդ օտար հայեացքներում:

Մերթ փարւում ես ինձ հովի պէս,
Մերթ հողմի պէս ինձ չարչարում,
Ախ, երբ այդպէս շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցաւ պատճառում:


Համօ Սահեան
1952

***** (Կ'ՈՒԶԷԻ ՈՐ ՍԻՐՏՍ ԸԼԼԱՐ)




Կ'ուզէի որ սիրտս ըլլար
Աղուոր ծաղիկ անթառամ,
Զեղուն հիւթով երկնահամ.
Եւ դուն, մեղո՛ւ օդապար,
Բաժակիս մէջ հեշտալիր,
Կեանքս յաւիտեան ծըծէիր:

Հալէ՛ր, հալէ՛ր իմ հոգին
Եւ ըլլար ծով կապուտակ,
Ջուրերով քաղցր ու յստակ.
Եւ դուն, կարապ տափագին,
Թեւերովդ լուսածի՛ր
Ծոցս յաւիտեան պատռէիր:


Արշակ Չօպանեան

ՍԻՐՈՅ ԳԻՇԵՐ





Սէրս տանջող անուշ ցաւ` լցուած երազով,
Այս գիշերն էլ լուսացաւ աչքերիս լոյսով.
Ինձ հետ բոլոր աստղերը քեզ էին յիշել,
Արցունքիս մէջ քեզ նորից տեսայ այս գիշեր:

Ախ՜, երբ լուսնի շողերն իջան իմ մազերի մէջ,
Ես կարծեցի քո մատներն են իմ մազերի մէջ,
Ամբողջ գիշեր լուսնի պայծառ շողերը իջան,
Ու իմ սրտին քո կարօտի դողերը իջան:

Լոյս են դարձել ճամբէքին կարօտներս վառ,
Քեզ սիրելը հեշտ եղաւ, ատելը դժուար:
Յուզուած սրտիս նման է աղբիւրը երգում,
Հաւքը գտել է հաւքին` ես քեզ չեմ գտնում:

Իմ խնդութեան արցունքի մէջ աստղերն են վառւում,
Այս բախտաւոր գիշերուայ մէջ ցեղն է արարւում:
Կ'իջնեն շուտով աստղերը վառ, կը դառնան ծաղիկ,
Ծաղիկներում սէր կը դառնայ յոյսը ծիծաղի:


Խօսք՝ Լիւդվիգ Դուրեանի
Երաժշտութիւն՝ Խաչատուր Աւետիսեանի
Կատարում՝ Լիաննա Թեւոսեանի

ԱՐԴԷՆ ՄՈՒԹՆ ԸՆԿԵԼ Է




Արդէն մութն ընկել է,
Ճամբիդ կը սպասեմ,
Տեսքիդ կարօտել եմ,
Քո տեսքին մեռնեմ:

Գիշեր-ցերեկ
Էլ ես քուն չունեմ,
Քեզ յիշելով՝
Անվերջ տանջւում եմ:

Երբ կը լսեմ ձայնդ,
Անուշ խօսքերդ...
Ձայնիդ կարօտել եմ,
Քո ձայնին մեռնեմ:

Յիշիր անցյալներդ՝
Ինձ մի՜ մոռանայ,
Լաւ իմացիր՝ սէրը
Շատ դժուար բան ա:


Խօսք՝ Աշուղ Շերամի
Երաժշտութիւն՝ Աշուղ Շերամի
Կատարում՝ Գուրգէն Դաբաղեանի



ԼՈՒՍՆԻՆ





Ճերմակ լուսին, ո՞ւր կ'երթաս...
-«Հիւղակներուն խաւարին
Կը տանիմ շողը լոյսին»:
Գնա՛, լուսին, դիւր կ'երթաս:

Գոհար լուսին, ո՞ւր կ'երթաս...
-«Դոյլերուն մէջ արծաթի
Կը տանիմ կաթ հիւանդի»:
Գնա՛, լուսին, դիւր կ'երթաս:

Լռիկ լուսին, ո՞ւր կ'երթաս...
-«Կ'երթամ բերել ես քեզի
Եարիդ խօստումը կոյսի»:
Լուսի՛ն, լուսի՛ն, զո՜ւր կ'երթաս:


Դանիէլ Վարուժան

***** (ՎԱՐԴԸ ՁԵՌԻԴ)




Վարդը ձեռիդ դու ներս եկար,
Ինքըդ սիրուն վարդի պէս.
Սիրտըս գերի հետըդ տարար՝
Բլբուլի յար վարդի պէս:

Ունքերըդ թուխ կամար կապած,
Աչքըդ տակին ջուխտ արեւ,
Լոյս շող տուին դարդից ամպած
Մաշուած սրտիս՝ ջուխտ արեւ:

Քու ճամբէն է աչքըս պահում,
Ճամբիդ մեռնեմ, անո՛ւշ եար.
Դու քաղցր երազ իմ խեղճ կեանքում,
Ա՛խ, ո՞ւր ես, ո՞ւր, անո՛ւշ եար:


Յովհաննէս Յովհաննիսեան

ԻՆՉՈ՞Ւ


Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրի՛կ աղջի՛կ, քեզի մե՛ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պէտք էր.
Դուն ծե՛ր արծի՜ւ մը բանտեցիր...

Կապոյտ աչուիդ երբ որ բացիր,
Կապո՜յտ աղջիկ՝ պլպլուն երգ էր.
Քե՜զ ալ սիրոյ մրմունջ պէտք էր,
Դուն գուժկան մռո՜ւնչս ընտրեցիր...

Ես կ'երթա՛մ միշ՜տ, անծայրածի՜ր,
Դամբաններ են ոտքիս հետքե՜ր,
Քեզ սիրոյ մեղմ սի՜ւք մը պէտք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքըդ բացիր...

Կ'այրի՜ն աչերըդ սեւածիր,
Պիտի մեռնիս, այդպէս մ' երգե՜ր,
Քեզի փոքրիկ սէր մը պէտք էր,
Դուն Սէ՛ր- Աստուա՛ծը սիրեցիր...


Ռուբէն Սեւակ

Δευτέρα 25 Ιουλίου 2011

ԻՆՉՈ՞Ւ ՍԻՐՏԴ ՍԱՌՆ Է ԵԱՐ





Դարձեալ նազով տեսայ ես քեզ,
Իմ աննման գեղանի,
Սէրդ այրում է, դու տանջում ես
Քո նազերով նազանի։

Հուր հայեացքդ, հուր նայուածքդ,
Մարդու խելքը կ՚առնէ եար,
Դու կրակ ես սիրտ կը վառես,
Ինչո՞ւ սիրտդ սառն է եար։

Սրտիս խորքից եար քո անուան,
Բիւր երգեր եմ նուիրել,
Սիրոյ երգս էլ լսող Մարդիկ,
Քեզ յարգել են ու սիրել։

Հիմա սիրոյ քաղցրիկ երգս էլ,
Քո ականջին դառն է եար,
Դու կրակ ես սիրտ կը վառես,
Ինչո՞ւ սիրտդ սառն է եար։

Հաւասին եմ, կ՚ուզեմ վերջ տալ,
Սիրոյ երգին, բերկրանքին,
Սակայն ի՞նչպէս մոռանամ ես,
Յուշերն անուշ մեր կեանքի։

Ինչպէ՞ս հանեմ սէրն ինձանից
Իմ հոգու հետ խառն է եար,
Դու կրակ ես սիրտ կը վառես,
Ինչո՞ւ սիրտդ սառն է եար։


Խօսք՝ Գուսան Հաւասիի
Երաժշտութիւն՝ Գուսան Հաւասիի
Կատարում՝ Յովհաննէս Պատալեանի

ՍԻՐՈՒՍ Կ'ՍՊԱՍԵՄ




Արծաթ շողով, հարսի քօղով
Ելաւ լուսնկան...
Ձեր տան կողքով, սրտի դողով
Կ'երթամ ու կու գամ:

Երգով սրտիդ դուռն եմ թակում
Կարօտ քո տեսքին,
Թէ չես գալու, գոնէ թաքուն
Ականջ դիր երգիս:

Կ'անցնեն զոյգեր ուրախ դէմքով,
Օրօր ու շորոր...
Ա՛խ, ի՜նչ մեղք եմ ես իմ տեսքով`
Մենակ ու մոլոր:

Աստղերի մէջ լուսնի նման
Սիրուս կ'սպասեմ,
Իմ արեւը դու ես միայն,
Մի՛ թող ինձ անսէր:

Ջահել սիրտս խորովել է
Նազը իմ եարի,
Հետս քիչըմ խռովել է,
Բան չկայ` կ'անցնի...

Աստղերի մէջ լուսնի նման
Սիրուս կ'սպասեմ,
Իմ արեւը դու ես միայն,
Մի՛ թող ինձ անսէր:

Ջահել սիրտս խորովել է
Նազը իմ եարի,
Հետս քիչըմ խռովել է,
Բան չկայ` կ'անցնի...


          Խօսք՝ Գարիկ Բանդուրեանի
Երաժշտութիւն՝ Խաչատուր Աւետիսեանի
Կատարում՝ Ռուբէն Մաթեւոսեանի

Κυριακή 24 Ιουλίου 2011

ԶԵՓԻՒՌԻ ՆՄԱՆ



Զեփիւռ կը դառնամ մեղմիկ աննման,
Սարերից կ'իջնեմ նստեմ քո դռան,
Սիրուցդ վառուած ասպետի նման
Թուրըս կը դնեմ քո այգու դռան:

Ու քեզ կը հսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թէ, եար ճա՜ն, շուտ-շուտ այգի եկ,
Որ նայեմ ես քեզ` կարօտս առնեմ,
Սիրուցդ արբած` մեռնեմ քո դռան:

Գարուն կը դառնամ` մտնեմ քո այգին,
Բլբուլի նման փարուեմ քո վարդին.
Քո Շահէնն եմ, եա՜ր, հազար խաղերով
Եկել եմ դուռդ, մատաղ քո կեանքին:

Էլի կը հսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թէ, եար ճա՜ն, շուտ-շուտ այգի եկ,
Որ նայեմ ես քեզ, կարօտս առնեմ,
Սիրուցդ արբած` մեռնեմ քո դռան:


Խօսք՝ Աշուղ Շահէն
Երաժշտութիւն՝ Աշուղ Շահէն
Կատարում՝ Լիլիթ Յովհաննիսեան

ԱՐԵՒԻ ՈՍԿԻՆ





Արեւի ոսկին ծով-մազերիդ մէջ,
Գարունը ծաղկած` այտերիդ վրայ,
Աստղերը փայլուն խոր աչքերիդ մէջ

Ա՜խ, այս ամէնին ո՞վ պի տիրանայ:

Դո՛ւ, անուշաբոյր, կախարդիչ մարմին,
Դո՛ւ, պուրպուր գինի` շքեղ, դիւթական,
Թո՛ղ քեզնով հարբեմ ու գիրկդ մեռնեմ.-
Վայելքը անմահ կը մնայ միայն...


Խօսք՝ Աւետիք Իսահակեանի
Երաժշտութիւն՝ Համբարձում Գրիգորեանի
Կատարում՝ Յովհաննէս Պատալեանի


ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԴ (ՄԷՋՍ ԿԵԱՆՔ ՉՄՆԱՑ)





Գալիս եմ դուռդ իբրեւ մերկ աղքատ,
Մի լինիր անսիրտ, եղիր գթառատ,
Ողորմած էիր, ինչո՞ւ քարացար,
Խղճով ու սրտով մի՞թե կուրացար:

Մէջս կեանք չմնաց,
Հալուեց, մաշուեց, գնաց,
Առանց քեզ չի փայլի
Աստղը իմ կենաց:

Սիրոյ գեհէնում այրւում եմ արդէն,
Դժուար է զատուել քեզ նման վարդէն,
Ծնուեցիր, եկար լոյս-ազատ աշխարհ,
Հասիր, ինձ փրկէ, դարձի'ր բարերար:

Դուն հրեշտակ ես, չքնա'ղ դիցուհի,
Բոլոր սիրունաց սիրուն թագուհի,
Քեզ պիտի երգեմ, եա՜ր, քեզ յաւիտեան,
Մինչեւ քո ձեռքով ղրկես գերեզման:


Խօսք՝ Աշուղ Շերամ
Երաժշտութիւն՝ Աշուղ Շերամ
Կատարում՝ Հայկ Եսայեան