Σάββατο 28 Μαΐου 2011

ՍԱՐՏԱՐԱՊԱՏ





Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարտարապատի մարտը մեծ:

Զանգեր ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչէք
Սարտարապատից:

Աւարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած, շունչներս տանք
Սարտարապատի պատի տակ:

Զանգեր ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կը գանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգեր ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչէք
Սարդարապատից:


Խօսք՝ Պարոյր Սեւակ
Երաժշտութիւն՝ Էտկար Յովհաննիսեան

Παρασκευή 27 Μαΐου 2011

ՍԱՐՏԱՐԱՊԱՏԻ ԿՈՉԸ





«Հայե՛ր, շտապեցէ՛ք հայրենիքն ազատելու:

Հասել է րոպէն, երբ իւրաքանչիւր հայ, մոռանալով իր անձնականը, յանուն մեծ գործի՝ հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ ու աղջիկների պատուի պաշտպանութեան, պիտի գործ դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարուածելու համար:
Մենք չէինք ուզում կռուել, յանուն խաղաղութեան եւ հաշտութեան մենք պատրաստ էինք ընդյառաջ գնալու ամէն տեսակի զոհողութիւնների, սակայն մեր տմարդի թշնամին ընթանում է իր ծրագրած ուղիով, նա ըստ երեւոյթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց իրօք ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Սակայն քանի որ պիտի ոչնչանանք, աւելի լաւ չէ՞, որ զէնքը ձեռքերնիս փորձենք մեզ պաշտպանել: Գուցէ յաջողւում է մեզ կռուո՛վ ձեռք բերել ապրելու իրաւունքը:
Իսկ որ մենք կարող ենք պաշտպանուել, դա ցոյց տուին վերջին կռիւները մեր ճակատում ուր մեզանից թուով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր զօրքի հերոսական յարձակման առաջ:
Հարկաւոր է մի ճիգ եւս, եւ թշնամին վռնտուած կը լինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արիւն-քրտինքով աշխատել են գէթ մի կերպ հայթայթել իրենց օրուայ ապրուստը:
Հայե՛ր:
Ժամանակ չէ դանդաղելու: Բոլորը, մինչեւ յիսուն տարեկանները, պարտաւոր են զէնքի տակ գալու. ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զէնքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանութեան համար:
Հայուհինե՛ր:
Յիշեցէ՛ք հինգերորդ դարու փափկասուն տիկնանց, որոնք ոգեւորեցին իրենց ամուսիններին դէպի մեծ գործը՝ անմահ Վարդանի կռիւների ժամանկ. հետեւեցէ՛ք նրանց օրինակներին, եթէ չէք ուզում, որ ձեր պատիւը ոտնակոխ լինի, խրախուսեցէք նրանց եւ արհամարհեցէ՛ք այն վախկոտներին, որոնք զանազան պատրուակներով խուսափում են ճակատ գնալուց: Հաւաքեցէ՛ք նրանց համար ռազմամթերք. հաց, շոր եւ ուրիշ մթերքներ...
Խորին կերպով համոզուած եմ, որ այս իմ կոչը անարձագանգ չի մնայ եւ երկու-երեք օրուայ ընթացքում կը կազմակերպուի մի այնպիսի քաջարի զօրաբանակ, որին կը յաջողուի վռնտել թշնամուն հայրենի հողի սահմաններից եւ ապահովել հայ ժողովուրդի գոյութիւնը:
Յանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեան,
Յանուն ոտնակոխ եղած ճշմարտութեան՝
Ոտքի կանգնեցէք: Դէպի գո՜րծ, դէպի սրբազան պատերա՜զմ:
Բոլոր զէնքի ընդունակ տղամարդիկ պարտաւոր են ներկայանալ Երեւանում գեներալ Բեժանբէկին իսկ բոլոր ժողոված մթերքները յանձնել տեղական Ազգային Խորհուրդներին»:

                                                                              
 Գեներալ Մովսէս Սիլիկեան
                                                                        Երեւանի Զօրամասի Հրամանատար

Τετάρτη 25 Μαΐου 2011

ԱՌԱՒՕՏԸ՝ ՓՈՔՐԻԿ, ԱՆՊԱՇՏՊԱՆ ՄԻ ԾԱՂԻԿ


Առաւօտը՝ փոքրիկ, անպաշտպան մի ծաղիկ,
առաւօտը շուշան մի ծաղիկ է դարձեալ,
որ ելնում է անձայն մեր փողոցը ծայրին,
եւ լուրթ մշուշներ են ցնդում շուրջը նրա:

Ամէն ծառ՝ կանաչ մի պայթիւն է հիմա,
իսկ արեւը հողից հանում է նոր ծառեր,
ծաղիկ ու խոտ կարծես նոր են տեսնում իրար,
եւ հաւքերը երգեր են երգում դեռ չլսուած:

Օրը բացւում է դրախտ այգեստանի նման,
ծաղկանց մէջ՝ ծաղիկ, օրուայ մէջ՝ առաւօտ,
իսկ արեգակի ոսկէ շողերի մէջ զնգուն
ճախրում են մանուկ յոյս, հաւատ ու սէր:

Օ՜, հեզ ու անխօս արթնացում լոյս օրուայ,
երբ երկինքը վերից օրհնանք է թափում,
եւ ելնում ես դու, որ փառքը երգես նրա,
ով արարիչն է քո եւ այս հողի՝ մաքուր:

Նա արեգակի տեսքով է, հզօր ու բարի,
նա իմաստուն է, ներող՝ արեգակի նման,
գիտէ սկիզբը, գիտէ վախճանն այս աշխարհի,
գիտէ ո՛վ ես, որտեղի՛ց ես, գիտէ քո ճամբան:

Նա՛ է քեզ դարձրել տէրը քո սուրբ երկրի,
քո լեզուի, քո աչքերի ու քո պատմութեան,
նա՛ է կրծքիդ տակ դրել մի փոքրիկ, ջերմ սիրտ,
որ բուռն իր յոյզերից թպըրտում է հիմա:

Եւ նա է քեզ ասում. ապրի՛ր, այդպէ՛ս ապրիր,
ապրի՛ր թէկուզ հէնց այս առաւօտի համար.
ես քեզ կը տամ օդ, ասում է, ջուր ու հաց,
եւ այդ ամենից լաւը՝ Խօսքը կը տամ միակ:

Որ ապրես իմ Խօսքով ու զօրանաս այնքան,
որ քո երկրի տէր՝ աշխարհի տէր էլ լինես,
որ քո լեզուի տէր հոգու տէր էլ լինես,
որ քո աչքերի տէր՝ վշտի տէր էլ լինես:

Եւ ապրիր, որ տէր լինես քո պատմութեան,
տէր՝ այս առաւօտին, ու քո երգին՝ մաքուր,
քանզի իմ Խօսքը՝ այդ երգն է քեզ տրուած,
եւ այդ երգից բացի դու կեանք չունես ուրիշ:

Դու կեանք չունես ուրիշ, դու յոյս չունես ուրիշ,
չունես ուրիշ հաւատ, եւ չունես ուրիշ տէր,
եւ պատժում եմ ես քեզ՝ տէր անելով Խօսքի,
բայց դա՝ իմ սիրոյ նշանն է ամենամեծ:


Դաւիթ Յովհաննէս

Κυριακή 22 Μαΐου 2011

ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ





Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քէֆ էին անում
Եւ ուրախանում
Մեր հըսկայ պապերն ու մեր հայրերը՝
Գիւղի տէրերը:

Մենք, առոյգ ու ժիր մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում՝
Տաղ էինք ասում:

Երբ զըւարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադէն բեղերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. «Ապրէ՛ք, երեխէ՛ք,
Բայց մեզ պէս չապրէք...»:

Ժամանակ անցաւ, նրանք էլ անցան,
Զըւարթ երգերըս վըշտալի դարձան.
Եւ ես յիշեցի մեր օրը լալիս,
Թէ մեզ օրհնելիս
Ինչու ասացին. «Ապրէ՛ք, երեխէ՛ք,
Բայց մեզ պէս չապրէք...»:

Խաղաղութի՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցաւը մե՛զ էլ է պատել:
Այժըմ, տըխրութեան թէ քեֆի ժամին,
Մենք էլ՝ օրհնելիս մեր զաւակներին՝
Ձեր խօսքն ենք ասում. «Ապրէ՛ք, երեխէ՛ք,
Բայց մեզ պէս չապրէք...»:


Յովհաննէս Թումանեան

Παρασκευή 20 Μαΐου 2011

ՂԱՐԻԲ ՄՇԵՑԻՆ




Ղարիբ աղբեր, արի՛ մեր տուն,
Բուք բորանին ո՞ւր կ'երթաս,
Հերի՛ք այդքան թափառելով,
Սեւ դարդերըդ քամուն տաս։

Անտուն աղբեր, արի՛ մեր տուն,
Էս էլ Հայի օճախ է,
Իմ պաղ ջուրըս, սեւ-չոր հացըս,
Քեզ պես աղբօր հալալ է։

Ռենչպէ՛ր աղբեր, արի՛ մեր տուն,
Դարդ ու ցավըդ ինձ պատմէ,
Լաց-լացի տանք էս մեծ տօնին,
Սիրտըս լացի կարօտ է։


Շուշանիկ Կուրղինեան

***** (ԱՅՆՊԷՍ ԱՆԽԻՆԴ ԵՆ)




Այնպէս անխինդ են եւ նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպէս տխրագին.
Մեզ չի հասկանայ օտարերկրացին,
Մեզ չի հասկանայ սառն օտարուհին:

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելեւէջները ներդաշնակ այնպէս
Եւ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկուած, աւերուած, հրկէզ...

Տեսնում եմ ահա գիւղերը մեր խեղճ,
Եւ թուխ դէմքերն այն տխրութեան սովոր,
Իմ ժողովուրդը անել վշտի մէջ,
Երկիրն իմ անբախտ եւ աղէտաւոր:

Թող հնչէ երգն այդ դառն ու ցաւածին,
Երգը հայրենի, ցաւագար ու հին,
Մեզ չի հասկանայ օտարերկրացին,
Մեզ չի հասկանայ սառն օտարուհին...


Վահան Տէրեան

ՕՏԱՐՈՒԹԻՒՆ





Օտարութիւն այսքան տարով,
Կու լամ կարօտով կարօտով,
Մեր խնդիրքը լուծուի շուտով
Համբերէ հոգիս համբերէ:

Հեռացել եմ Հայրենիքէս
Բաժանուել եմ ընտանիքէս,
Հարկաւ մի օր պիտ միանանք,
Համբերէ հոգիս համբերէ:

Սրտիս խորքը ծագեց կրակ
Ինձ կ'այրէ ամէն ժամանակ,
Հայրենիքէս չկայ նամակ
Համբերէ հոգիս համբերէ:

Մայրիկ, երկնում արեւ վկայ
Էլ այսու հետ դադար չկայ,
Արար աշխարհ թող իմանայ:
Հայը միշտ կայ եւ կը մնայ:


Խօսք՝ Աւետիք Իսահակեան
Երաժշտութիւն՝ Աշուղ Ջիւանի

ՀԱՅՐԵՆԻՔՍ ՋՈՒՐԸ


 


Վէրքիս դեղ ու սպեղանին,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը,
Քաղցր ես, քան նռան գինին,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Խմողը շատ ուշ կը մեռնի,
Քիչը՝ հարիւր տարի կ'ապրի,
Ամէն երկիր չի գտնուի,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Բիւրակնեան սարից կը տեղայ,
Կոհակներու մէջ հոգի կայ,
Դրախտի միջից դուրս կու գայ,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Անմահական աղբիւրից է,
Եդեմի սուրբ երկրից է,
Ադամայ խմած ջրից է,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Հայկ պապս նրանից խմեց,
Զօրեղացաւ, Բելին յաղթեց,
Սրբում, տանում է ցաւ ու ցեց,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Վարդան Վահաններ է տուել,
Դշխոյ Շուշանիկ է ծնել,
Սանդուխտ կոյս է առաջ բերել,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Յիշէ պանդուխտ Հայկազունին,
Միտ բեր օճախդ հայրենի,
Կաթի ու մեղրի համ ունի,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Դառն են ջրեր օտար երկրին,
Աղի, լեղի են, համ չունին,
Արդեօ՞ք պիտի խմեմ կրկին,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Մեր երկիրը մթնել է,
Կարծես մեր աստղը ընկել է,
Ալ արիւնով ներկուել է,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:

Ջիւան, հրէշներ են եկել,
Բնիկներին դուրս են վանել,
Օձերն ու գորտերն են խմել,
Ա՜խ, իմ հայրենիքիս ջուրը:


Աշուղ Ջիւանի

Τρίτη 17 Μαΐου 2011

ԱՇՈՒՂ




Ասի՝ աշո՛ւղ, ա՛ռ չունգուրըդ, մեզ բան ասա՛ սրտալի.
Կարօտ ենք քու անուշ ձէնին, մի բան ասա՛ սրտալի.
Սրտի խօսք ենք ուզում քեզնից, որ վեր հանի մեր հոգին-
Ա՛ռ չունգուրըդ, դարդո՛տ աշուղ, մեզ բան ասա՛ սրտալի:

Գիտենք, որ դու միշտ տանջւում ես հազար ու մի ցաւերով,
Հայրենիքիդ խոր խոցերը համարում ես դարերով.
Չես լուանայ էդ խոցերը արտասուքի ծովերով...
Ա՛ռ չունգուրըդ, ցաւո՛տ աշուղ, մեզ բան ասա՛ վշտալի:

Լուռ մընալով մեր վէրքերին դու չես անի դեղ դարման.
Արար-աշխարհք գիտի՝ չըկայ մեր դարդերին չափ, սահման,
Մնջութիւնն էլ նըշան հո չի՞ մի գովելի յատկութեան-
Ա՛ռ չունգուրըդ, մեզ բան ասա՛, թող խօսքդ ըլնի ողբալի:

Էդպէս խօսքեր շատ ենք լսել, էլ կը լըսենք անտըրտունջ,
Մեր չխօսկան ըլնելուց է՝ մընացել ենք անտէրունջ.
Լաւ է ազատ լաց ըլնիլը, քանց դարդ տանիլն անմռունչ,
Ասա՛ լսենք, ի՞նչ անենք, որ խօսքըդ ըլնի ողբալի:

Տեսնում ես, որ մենք թմրած ենք, քունն անուշ է մեզ թեւում.
Է՞ր ես դու էլ մեզ բոլորիս մաշող քընիցն յաղթըւում.
Ա՛ռ չունգուրըդ, տո՛ւր լարերին, կըրակ վառի՛ր մեր սրտում,
Մեզ ամենիս նոր շունչ տուող մի բան ասա սրտալի:


Յովհաննէս Յովհաննիսեան
1888


Δευτέρα 16 Μαΐου 2011

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ




Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր,
Սեւ ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սեւ վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել-տարել:

Լույսի լճակ`
Աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք
Այսպես խնդուն:

Հայի աչքեր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջուող մարդու համար լացող,
Տարին միայն մի օր պայծառ:

Հայի աչքեր՝ ջահեր յոյսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացուել է դուռն արշալոյսի`
Շողով լցրել երկիրը մեր:


Խօսք՝ Սարմէնի
Երաժշտութիւն՝ Ռոպէրթ Ամիրխանեան

Τρίτη 10 Μαΐου 2011

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՉՔԵՐ





Ո՛ւր էլ որ լինէք, ի՛նչ դէմքի վրայ՝
Խորշոմած մի մօր, թէ մանկան մի թուխ,
Յոգնած հարսների դէմքին արեւհար,
Հայկակա՛ն աչքեր, գեղեցի՜կ էք դուք:
Դուք, տեսած այդքան լաց ու արհաւիրք,
Ինչպէ՞ս կարեցաք դարերից այն հին
Մնալ այսքան մե՜ղմ, այսքան գեղեցի՜կ,
Այսքան գեղեցի՛կ նայել աշխարհին...


Սիլվա Կապուտիկեան

Δευτέρα 9 Μαΐου 2011

ՂԱՐԱԲԱՂՑԻՆ





Պատուել գիտէ միշտ իր հիւրին,
Գիտէ գինը աղ ու հացի,
Միշտ հիւրասէր ու միշտ բարի,
Միշտ սրտաբաց ղարաբաղցին:

Ուր էլ լինես իմ բարեկամ,
Դու նրա հետ ընկերացիր,
Լաւ ընկերոջ համար անգամ
Կեանքը կու տայ ղարաբաղցին:

Կռւում լինի աշխատանքում,
Խիզախում է ինչպէս արծիւ,
Վաստակն արդար, խիղճը մաքուր,
Արդարադատ ղարաբաղցին:

Մշակ է նա ու շինարար,
Բայց հասարակ մարդ մի կարծիր,
Գիտնական է ու զօրավար,
Բազմավաստակ ղարաբաղցին:

Խաղաղ է նա համբերատար,
Բայց թէ հոգով դու դառնացրիր,
Ամպի նման կը որոտայ նա,
Շանթ ու կրակ ղարաբաղցին:


Խօսք՝ Հրաչեայ Պեղլարեանի
Երաժշտութիւն՝ Ալեքսէյ Հեքիմեանի


Օ՜ ՂԱՐԱԲԱՂ...




Հազար երակ մեզ կը կապեն քու լեռներուդ
Հայախորհուրդ:
Հազար բանակ մեզ չեն կրնար բաժնել յաւէտ
Քու լեռներէդ,
Օ՜ Ղարաբաղ...



Դարեր ի վեր մենք մեր սրտին մէջ կը կրենք
Լեռներըդ սէգ:
Դուն չես դադրեր մե՛րն ըլլալէ քու լեռներով
Հոգեխռով,
Օ՜ Ղարաբաղ...



Դիւցազներգակ հէքիաթներդ արիւնն են մեր
Գինովցուցեր.
Իսկ քեզ տեսնել բանտուա՛ծ բազէ՝ մեզի արցունք
է, մեզի սուգ,
Օ՜ Ղարաբաղ...



Բայց, չե՜նք յոգնիր սպասելէ, որ օր մ'երազ
Տո՛ւն կը դառնաս,
Լեռներդ ի վեր կը ծածանի ազատատենչ
Արեւըդ պերճ,
Օ՜ Ղարաբաղ...



Վերադարձի կոչը այսօր կը փողերգէ
Ամէն ծագէ:
Քեզի՛, գերի ու որբ զաւկի՛ն կարօտ է մայր
Հողը արդար,
Օ՜ Ղարաբաղ...



Հազար զանգակ ռո՛ւմբ ռո՛ւմբ պայթին թող լեռներէդ
Հերոսաւէտ,
Երբ դուն ահա՛ կ'ողջագուրուիս եարիդ հետ հին՝
Երեւանի՛ն,
Օ՜ Ղարաբաղ, մե՛ր Ղարաբաղ...



Ժագ Յակոբեան

ԹԱՄԱՆԵԱՆ ԴԻՎԻԶԻԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ




Ցնծում է Երեւանը վարդագոյն,
Ինչպէս մի նոր վերածնուած Անի:
Գերմանիայից վերադառնում է տուն
Դիվիզիան գեներալ Սաֆարեանի:

Ողջո՜յն, հայո՛ց քաջեր, հարազատնե՛ր,
Բարո՛վ եկաք, բարո՛վ եկաք, բարո՛վ:
Մենք զարդարել ենք ճանապարհը ձեր
Ամենաթանկագին մեր գորգերով:

Հպա՛րտ քայլէք այս գորգերի վրայ,
Եւ մեր սրտի վրայ, եւ մեր գլխին,
Եւ ձեր բաժակներում թող հուրհուրայ
Արտաշատի հայրենաբոյր գինին:

Թո՛ղ ձեր ծաղկեփնջեր տալով ժպտան
Հայոց մեր աղջիկները երազուն,
Թող ներբողի ձեր երթը յաղթական
Հայոց խրոխտ, մետաղակուռ լեզուն:

Թո՛ղ հայրերի նըման ճերմակալիք
Ձեզ ողջունեն Մասիս եւ Արագած,
Եւ ձեր ճամբին պարեն թող երջանիկ
Հայոց լեռները ճոխ կանաչ հագած:

Եւ թո՛ղ հայոց գետերը որոտան՝
Բարո՜վ եկաք, բարո՜վ եկաք, բարո՜վ,
Դուք, որ վերադառնում էք Հայաստան
Հերոսութեան կարմիր ճանապարհով:

Դուք, որ ոտքով անցաք մարտի ճամբան
Երեւանից մինչեւ այն գոռ Պերլին:
Տարաք այնտեղ ցասումը հայութեան
Եւ ապրելու մեր իրաւունքը հին:

Մարտի մրրիկներում Սասնայ մեր հին
Թուր Կայծակին փայլատակեց պայծառ:
Դուք ասացիք մերոնց եւ աշխարհին՝
Այո, սակաւաթիւ ենք մենք, բայց՝ հայ:

Մենք զարդարել ենք ճանապարհը ձեր
Ամենաջերմ սիրով ու գորգերով:
Հպա՛րտ անցէք, հայոց դիւցազուններ,
Բարո՜վ եկաք, բարո՜վ եկաք, բարո՜վ:


Նայիրի Զարեան

*****


Զոհուած մարտիկներու յիշատակին


Յոգնած նայում եմ ես ճամբաներին-
Սերմնացանները չդարձան տուն.
Հանգան շողերը լուռ կատարներին-
Սերմնացանները չդարձան տուն:

Իջաւ երեկոն լուրթ ստուերներով.
Սերմնացանները չդարձան տուն.
Գրկեց հոգիս իր մութ, պաղ թեւերով-
Սերմնացանները չդարձան տուն:

Լոյսերը վառուեցին խրճիթներում-
Սերմնացանները չդարձան տուն.
Ահեղ լռութիւն է ճամբաներում-
Սերմնացանները չդարձան տուն...


Գեղամ Սարեան

ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ




(9 Մայիսի, 1945)


Մեր սուրը փառքով դրեցինք պատեան,-
Մեծ յաղթանակի օրն է ցնծալիս.
Պարտուեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են յորդում զուարթ սրտերից:

Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ,
Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով,
Մի մարդ սեղան է բացել տան առաջ,
Լցրել թասերը ոսկեփայլ գինով:

Եւ անցորդներին կանչում է, խնդրում,-
Եղբայրնե՜ր, որդուս կենացը խմե՛նք.
Հերոս է որդիս, յաղթեց թշնամուն,
Ձեր որդիների կենացն էլ խմենք:

Խմում են խինդով, ցնծում երջանիկ,
Եւ զարկում նորից գաւաթներն իրար:
Նրանց մէջ մի հայր ասում է մեղմիկ,-
Էս էլ ի՛մ որդուս հանգստեան համար:

Գլխարկներն իսկոյն հանում են նրանք,
Խոր ակնածանքով լռում են մի պահ.
Խմում են անձայն զոհուածի համար
Եւ հեղում գինին սուրբ հացի վրայ:


Աւետիք Իսահակեան

ՌԱԶՄԱԿՈՉ




Գիշեր է մռայլ, ամպամած գիշեր:
Հողմեր են փչում, շաչում են հողմեր
Դաւաճան երկրից մեր նենգ թշնամու
Մեր նուիրական դաշտերի վրայ:
Գոռ ալիքներն են լեռնանում ընդոստ
Մեր խռովայոյզ ծովերի վրայ:

Է՜յ ազատ Մասիս, երկնասոյզ գահեր,
Է՜յ երկաթակուռ խրոխտ գագաթներ,
Շանթե՞ր էր զօդում, սուրե՞ր էք կռում,
Հրեղէն ցասում ընդդէմ թշնամուն:

Էյհէ՜յ, լսեցէք. վեհ հայրենիքի
Կտրիճ զաւակներ, ժողովուրդներ քաջ,
Ելէ՛ք, զարթնեցէ՛ք, կանգնեցէ՛ք արթուն.
Գիտցէ՛ք, քնում են գետերն ու քամին,
Սակայն չի քնում երբեք թշնամին:
Ահա՛ ոճրամիտ մեր ոսոխը չար
Շղթայ է բերում, լուծ ու կապանքներ՝
Ընկճելու ազատ մեր եղբայրներին
Եւ անարգելու հայրենիքը մեր:

Էյհէ՜յ, լսեցէք, ձայն տուէք իրար,
Ամէ՞նքդ էք ոտքի, մարդ քնած չկա՞յ.
Շո՛ւտ հագէք-կապէք զէնքեր ու զրահ,
Գօտեպնդուեցէ՛ք ատելութեամբ վառ,
Գօտեպնդուեցէ՛ք անձազոհ կամքով,
Գօտեպնդուեցէ՛ք ահեղ վրէժով,
Շառաչէ՛ք ուժգին, կաղնիներ հզօր,
Խօլ վրնջացէ՛ք, նժոյգեր խիզախ,
Մրրիկի նման զարկեցէ՜ք շեփոր,
Դէպի ռազմի դաշտ, դէպ հերոսացում,
Դէպի ռազմի դաշտ սուրբ դրօշի տակ,
Դէպի բարձունքը մահի ու փառքի,
Վանեցէ՛ք հեռու թշնամուն վայրագ,
Մեր խրճիթներից, մեր հնձաններից,
Մեր արտ ու կալից վանեցէ՛ք հեռու:
Յաւերժ պիտ մնայ հայրենիքը մեր,
Հզօր եւ ազատ եւ յաւերժ կանգուն
Մեր իդէալների սուրբ արեւի տակ:

Դէպի ռազմի դաշտ, դէպ հերոսացում,
Դէպի բարձունքը մեծ Յաղթանակի:


Աւետիք Իսահակեան

ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ





Խօսք՝ Գեղամ Սարեանի
Երաժշտութիւն՝ Աշոտ Սաթեանի

ՀԱՅ ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ





Թռչէի մտքով տուն, ուր իմ մայրն է արթուն,
Տեսնէի այն առուն, կարօտով ես անհուն,
Որ ամէն մի գարուն ջրերով վարարուն
Կարկաչում էր սարերում:

Թեքուէի աղբիւրին, կարօտած պաղ ջրին,
Լինէի հանդերում, մեր կանաչ մարգերում,
Ուր ծաղկունքն է բուրում, ուր մանուկ օրերում
Հովն էր ինձ համբուրում:

Հայրենիքն իմ սրտում՝ թէ չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին, տուն կու գամ ես կրկին,
Կը սփոփեմ քո հոգին համբոյրով սրտագին,
Կը սեղմեմ քեզ իմ կրծքին:


Գեղամ Սարեան





Κυριακή 8 Μαΐου 2011

ՄԱՅՐԻԿԻՍ





Նորից դու ես ջերմ ու մեղմիկ
Շողում գլխիս վերեւ,
Դու իմ անքո՜ւն, անքո՜ւն մայրիկ,
Իմ մայր մտած արեւ:
Ո՞վ էր վառւում ցերեկն ամբողջ,
Ոտի վրայ անցնում,
Կէս գիշերին ո՞վ էր դողդոջ՝
Քնածներին ծածկում:
Լուսաբացին ո՞վ էր արդեօք
Վաղ արթնանում լոյսից...
Աւա՜ղ, հիմա հեռու ես դու,
Բայց արթուն ես նորից.
Երազի մէջ անգամ էլի
Երեւո՜ւմ ես դու մեզ...
Մա՜յր իմ, մա՜յր իմ զարմանալի,
Դու ե՞րբ պիտի քնես...


Արամայիս Սահակեան

ՔՈ ՁԵՌՔԵՐԸ





Քո ձեռքերը, մայր, քո ձեռքերը...

Քո ձեռքերը թրի պէս բարձրացել ես, երբ մեզ սպառնացել է վտանգը, եւ զայրոյթ է կաթել նրա զօրութիւնից: Խնդրելու համար պարզել ես, կարկառել ես, եւ իսկոյն լացակումել են քո ձեռքերը, քո ձեռքերը...

Քո ձեռքերը, մայր, այն առաջին ձեռքերն էին, որ ստեղծեցին կրակը, որոնց մէջ կալսուեց առաջին ցորենը, առաջին ցորենը հաց դարձաւ: Դրա համար միշտ տաք էին քո ձեռքերը, եւ կրակի բոյր ունէին, եւ ցորենի, եւ հացի, քո ձեռքերը, քո ձեռքերը...

Դու ինձ համար աշխարհի առաջին տառապեալն էիր, դրա համար էլ քո ձեռքերից ծնուեց աշխարհի առաջին փաղաքշանքը, աշխարհի առաջին մխիթարանքը: Քո ձեռքերը սրբեցին աշխարհի առաջին որբերի արցունքը, քո ձեռքերը, քո ձեռքերը...

Քո ձեռքերը լուռ ճչում էին, լուռ արտասւում էին, խորհում, թախծում եւ ծիծաղում էին լուռ: Քո ձեռքերը հնարում էին անհնարը եւ օգնում էին բոլորին, քո ձեռքերը, քո ձեռքերը...

Եւ սակայն ես մի անգամ անզգոյշ եղայ քո զգայուն ձեռքերի նկատմամբ: Դու նայեցիր ինձ, տրորեցիր ձեռքերդ, եւ նրանք հառաչեցին, տխրեցին եւ իսկոյն ծերացան: Ես համբուրեցի ու լաց եղայ, լաց եղայ ու համբուրեցի, եւ նրանք ինձ մայրաբար ներեցին: Նրանք առաջուայ պէս ինձ փաղաքշում էին, լռութեամբ խորհուրդներ էին տալիս. իմ ապրած օրերն էին յիշեցնում որպէս մեծ ու դժուարին մի պատմութիւն:

Քո ձեռքերը, մայր, քո ձեռքերը...

Բայց մի օր դու յաւիտենական քուն մտար, եւ ձեռքերիդ վրայ արթնացաւ այն վիրաւորուածութիւնը, որ ես էի պատճառել անզգուշօրէն: Արթնացաւ ու հիմա տանջում է ինձ քո գերեզմանից:

Մայր, դու տառապելով ես մեղմել իմ տառապանքը, հիմա ինչպէ՞ս կարող ես անտարբեր մնալ: Արթնացիր մի պահ, ներիր եւ քնիր այնպէս, որ քեզ հետ քնեն եւ քո ձեռքերը, եւ քո ձեռքերը...


Սուրէն Այվազեան

Σάββατο 7 Μαΐου 2011

ՄՕՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ





Յիշում եմ դէմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լոյս խորշումներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դէմ, ու կանաչած թթենին
Դէմքիդ ստուեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես յիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եւ յիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդեօք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդեօք հիմա նա, ո՞ղջ է արդեօք, թէ մեռած,
Եւ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եւ երբ յոգնած է եղել, եւ երբ խաբուել է սիրուց,
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, եւ օրրում է թթենին
Տխրութիւնը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եւ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մէկ-մէկ
Քո ձեռքերի վրայ ծեր, մայր իմ անուշ ու անգին...


Եղիշէ Չարենց

ԵՐԱԶ




Երաժշտութեան մշակում՝ Կոմիտաս Վարդապետ

ԵՐԱԶ


Ես լսեցի մի անուշ ձայն,-
Իմ ծերացած մօր մօտ էր-
Փայլեց նշոյլ ուրախութեան,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:

Կարկաչահոս աղբիւր այնտեղ
Թաւալում էր մարգարիտ.-
Նա յստակ էր, որպէս բիւրեղ,
Այն երա՜զ էր ցնորամիտ:

Եւ մեղեդին տխուր, մայրենի
Յիշեց մանկութեան օրեր.
Մօրըս համբոյրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:

Կուրծքին սեղմեց կարօտագին,
Աչքերս սրբեց- շատ թաց էր,-
Բայց արտասուքս գնում էին...
Ա՛խ, այդ ինչո՞ւ երազ էր...


Սմբատ Շահազիզ
1864

ՄԱՅՐԻԿԻՍ




ՄԱՅՐԻԿԻՍ


Հայրենիքէս հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մօրէս բաժանուել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարէն կու գաք, նխշուն հաւքե՛ր,
Ա՜խ, իմ մօրըս տետել չէ՞ք,
Ծովէն կու գաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարեւ բերել չէ՞ք:

Հաւք ու հովեր եկան կըշտիս,
Անձէն դիպան ու անցան.
Պապակ-սըրտիս, փափաք-սըրտիս
Անխօս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քու տեսքին, անուշ լեզուին
Կարօտցել եմ, մայրիկ ճան.
Երնէ՜կ, երնէ՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մօտըդ, մայրի՛կ ճան:

Երբ քունըդ գայ, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբոյր տամ.
Սըրտիդ կպնիմ վառ կարօտով,
Լա՛մ ու խնդա՛մ, մայրիկ ճան:


Աւետիք Իսահակեան

ՀԻՒՂԸ






Դաշտի ճամբու մը վըրան,
Կամ ստորոտը լերան,
Ուղեւորին ժամանման
Ըսպասող հիւղն ըլլայի:
Ու գգուանքիս կանչէի
Ես ճամբորդներն անժաման,
Ու ճամբուն վրայ մենաւոր,
Ու ճամբուն վրայ ոսկեման,
Եկուորներուն դիմաւոր՝
Ծխանիս ծուխն ամպէի:

Ու գրգանքիս կանչէի
Ուղեւորներ պարտասուն,
Ու բարեւի մը փոխան
Հազար բարիք ես տայի:
Հազար բարիք ես տայի,
Գոլը կրակին ճարճատուն,
Կութքը բերրի դաշտերուն,
Բոլոր միրգերն աշունի
Ու մեղր, ու կաթ, ու գինի:

Ու լըսէի ես ցայգուն,
Քովը կրակին ճարճատուն՝
Երգն իրիկուան եկուորին.
Ու ջամբէի ես ցայգուն
Երազներով պատարուն
Նինջ՝ իրիկուան եկուորին:
Ու լըսէի ես այգուն,
Սրտապատար ու տրոփուն

Գովքն իրիկուան եկուորին.
Ու դիտէի ես այգուն,
Ու խոկայի օրն ի բուն
Երթն իրիկուան եկուորին...:

Ու ձըմեռներն ալ համբուն,
Հըրաւիրակ զըւարթուն,
Կանգնէի քովը ճամբուն.
Ու ձիւնապատ հէք մարդուն
Ես հայրօրէն, լայնաբաց
Երկու թեւըս պարզէի.
Մի՜շտ քաղցրագին, նիւթացած
Հըրաւէ՜րն ես ըլլայի:

Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜,
Դաշտի ճամբու մը վըրան,
Կամ ստորոտը լերան,
Ուղեւորին ժամանման
Ըսպասող հի՛ւղն ըլլայի:


Միսաք Մեծարենց

Παρασκευή 6 Μαΐου 2011

ՀՈՎԸ


Ալիքներուն վրայ ոստոստող հովն ըլլայի,
Ու ջուրերուն խուլ մըռունջին մէջ ամայի՝
Ձկնորսներու ականջն ի վար փըսփըսայի
Սիրուած երգեր, քաղցրութիւնով օծուն բառեր:

Հովն ըլլայի կատարներուն վրայ պարանցիկ,
Ու ձիւնին մէջ սառող մարդուն համար լայի.
Հովն ըլլայի՝ հողվըրտիքին մէջ երգեցիկ՝
Ու ծըծէի տակաւ գաղտնիքն ես Անդիի:

Ձմեռներուն ես ամպավար հովն ըլլայի,
Եւ անճըրագ խուղերու ճիչն յորձքիս ձուլած,
Անցորդներու հոգւոյն վըրայ փշրըւէի
Իբրեւ ալիք: Ու տանէի հոն կոծն ու լաց

Տըղաբերին, որ հողին վրայ կը գալարի
Եւ անսըւաղ մանուկներուն, ու գրկաբաց
Մատաղատի, որդեկորոյս մօրն ալ՝ որուն
Տարիքին բոցն հոգւոյն մուխին մէջ կը մարի...


Միսաք Մեծարենց

Πέμπτη 5 Μαΐου 2011

ԻՐԻԿՈՒՆԸ





Սա իրիկունն ըլլայի ես
     Եւ հըպէի ճակտին ամէն անցորդի.
     Չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Լի երգովը թռչուններուն, մարգերուն,
     Ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
Սա իրիկո՜ւնն ելլայի ես:

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
     Թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
     Ու ծըփայի զերթ ոսկէ սար վարագոյր
Վըրան ամէն հոգիի:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
     Խնկապատար, օծուն, ջահուած ժամի պէս
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
     Մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքես.
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն.
     Սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
     Որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
     Թօթափող վարսքը գունագեղ ու ծըփուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկո՜ւնն ելլայի ես,
     Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
     Եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:


Միսաք Մեծարենց

Τετάρτη 4 Μαΐου 2011

ՓԱՓԱՔ


Կ'ուզեմ որ ըլլա՜մ ցորենի արտին
Ծաղիկը կարմիր՝ գաւաթ արեւին,
Հասկերու բաշին մէջ պահուած ճըպուռ՝
Խըմե՜մ կէսօրուան լոյսը լիաբուռ:

Ըլլա՜մ գիւղի հին կամուրջ մը փայտէ...
Մամռապատ աղբիւր մ' որ հազիւ կ'երգէ.
Գեղջուկին կաւէ ամանը բարի՝
Որ քաղքի ծարաւն ալ մէջըս մարի...

Ըլլա՜մ կուրծքի զարդն աղջըկան բոպիկ,
Բակի տղէկ մը՝ նայո՜ղ հանդարտիկ,
Փուշի մը ներքեւ խոնարհիմ ու լամ՝
Որ քիչ մը գոնէ իմ ցաւըս մոռնամ...


Լեւոն-Զաւէն Սիւրմէլեան

Τρίτη 3 Μαΐου 2011

ՏԽՐՈՒԹԻՒՆ


Սահուն քայլերով, աննշմար, որպէս քնքուշ մութի թեւ,
Մի ստուեր անցաւ ծաղիկ ու կանաչ մեղմիւ շոյելով.
Իրիկնաժամին, թփերն օրօրող հովի պէս թեթեւ
Մի ուրու անցաւ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...

Արձակ դաշտերի ամայութեան մէջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թէ սիրոյ քնքուշ խօսք ասաց նիրհող դաշտերին.-
Ծաղիկների մէջ այդ անուրջ կոյսի շշուկը մնաց,
Եւ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...


Վահան Տէրեան

Δευτέρα 2 Μαΐου 2011

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ




Դո՛ւ հեռաւոր ու մենաւոր ծիրանի ծառ,
Այն ո՞վ է քո ոսկէ կորիզն այստեղ բերել,
Ի՞նչ ես գտել այս վայրերում կեանքի համար,
Եւ ի՞նչպէս ես արմատներդ ժայռին խրել:

Ո՞րտեղ է քո հողը նախնի, օրրանը հին,
Ուր քո շուրջը պիտի ծփար կանաչ ու խոտ,
Ե՞րբ ես թողել, ո՞ւմ ես թողել քո քոյրերին,
Աճել այստեղ՝ ջըրին մօտիկ, ջրի կարօտ:

Ճեղքել ես դու կուրծքը ժայռի, բխել կանաչ,
Տարէցտարի փարթամացել, ծաղկել նորից,
Քանդել ես դու վարսերը քո հողմի առաջ,
Բայց չես բեկուել, չես տապալուել քամիներից:

Դո՛ւ հեռաւոր ու մենաւոր ծիրանի ծառ,
Քարից անգամ քամել ես դու կեանքի աւիշ
Եւ այդ ժայռից ինձ ես նայում կանաչավառ,
Իբրեւ հպարտ, յաւերժ կեանքի խորհրդանիշ:


Հրաչեայ Յովհաննիսեան

ԵՍ ՄԻ ԾԱՌ ԵՄ ԾԻՐԱՆԻ





Ես մէկ ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անուանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի:

Հին ծառ եմ արեւելեան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամէն երկիր
Ընկած են բաժան-բաժան:

Ապրում եմ խեղճ, միայնակ,
Որոշ ծառի շուքի տակ,
Հիւթս որդունքն է ծծում
Իմ տունկերուս փոխանակ:

Տունկերս ուր էլ որ գնան,
Թէպէտ նոյնը կը մնան,
Բայց օտար հողի վրայ
Չեն աճիլ, կը չորանան:

Արեւելքում ինձ տնկեց,
Երբ որ Աստուած ստեղծեց,
Ասաց՝ աճէ, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տուեց:

Ուղարկեց մի այգեպան,
Հարաւից հսկայ իշխան.
Այն հսկայի անունով՝
Կոչուեցայ ծառ Հայկական:

Չորս հազար տարուայ ծառ եմ,
Արմատս պինդ, կայտառ եմ.
Թէպէտ ուժս պակաս է,
Բայց անունով՝ պայծառ եմ:


Աշուղ Ջիւանի

ԱՊՐԵՄ - ՉԱՊՐԵՄ




Այս երփնագեղ փարթամ ծաղկեփնջում,
Զուարթացած առաւօտեան շաղից,
Իր արեւոտ պարտէզն է անրջում
Մի ձիւնափայլ ապրեմ-չապրեմ ծաղիկ:

Ապրեմ-չապրե՛մ, ծաղի՛կ իմ լուսանման,
Ծաղիկներից դու ամենամօտիկն ես իմ սրտին,
Քո բնութեամբ այնքան ես դու նման
Իմ հայ ժողովրդին:

Սովոր ես դու չարքաշ, անընկճելի,
Ծաղկել այս տօթակէզ լեռնաշխարհում,
Ժլատ լանջին այս ապառաժների,
Բակերի մէջ, արտում են անտառում:

Արհամարհում ես դու ծարաւ ու քաղց,
Զուգում ես անապատը գորգերով ճերմակ,
Բաց ես անում սրտիկդ լուսաբաղձ,
Ճանապարհի վրայ, ոտքերի տակ:

Եւ ամէնուր դու ժիր ես, կենդանի.
Երբեմն յօշոտուած բնով, բայց միշտ պայծառադէմ.
Դո՛ւ իմաստուն ծաղիկ Հայաստանի,
Ապրեմ-չապրե՛մ:

Հնուց է քեզ սիրել իմ ժողովուրդը հին:
Եւ տխրութեան պահին կամ խնդութեան
Վերցրել է քո ծաղիկը երազուն նայիրուհին
Եւ գուշակել է ապագան:

Շշնջացել է նա քո թերթիկները պոկելով.
-Ապրե՞մ, չապրե՞մ, ապրե՞մ, չապրե՞մ...
Եւ դու նրան վերջին թերթիկներով
Պատասխանել ես միշտ.
-Ապրե՛մ:

Ապրել ես դու, ինչպէս իմ ժողովուրդը ժիր,
Ճամբաների վրայ փոշոտ, արեւակէզ:
Անցել է քո գլխով աղէտների հազար նախիր,
Ճզմել ու փոքրացրել է քեզ:

Բայց հէնց որ բարեգործ մի պարտիզպան
Տարել է քեզ պարտէզ՝ իր ջերմ խնամքի տակ,
Բացուել ես դու չքնաղ նորահարսի նման՝
Դրած գլխիդ լուսապայծառ պսակ:

Ապրեմ-չապրե՛մ, ծաղիկ իմ վիպական,
Ծաղիկներից դու ամենամօտիկն ես իմ սրտին,
Քո բնութեամբ այնքան ես դու նման
Իմ հայ ժողովրդին:


Նայիրի Զարեան